ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով տիրող սահմանափակումներին՝ ապրիլի 23-24-ին կանցկացվեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված խորհրդանշական միջոցառումներ:
«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է, այդ իսկ պատճառով մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որ մենք կարողանանք գործող սահմանափակումների համատեքստում փարատել մեր ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում: Մենք ջանք ու եռանդ չենք խնայել՝ միջոցառումները կազմակերպելով այնպիսի տրամաբանությամբ, որ ամբողջ հայությունը կարողանա իր խորհրդանշական ներկայությունն ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Խզմալյանը հիշեցրեց, որ ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին, մեկնարկում են միջոցառումները: Ժամը 21:00-ին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո կմարեն Երևանի, մարզերի, մարզկենտրոնների լույսերը: «Հորդորում ենք նաև քաղաքացիներին մարելու բնակարանների լույսերը և, որպես միասնության խորհրդանիշ, բջջային հեռախոսների լույսերի ներքո պատուհաններից, պատշգամբներից հաստատել իրենց խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում»,-նշեց փոխնախարարը:
Խզմալյանն ասաց, որ հարգանքի այդ արարողությունն անվանել են «Լուսավառ ոգեկոչման պահ»: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կմեկնարկեն պաշտոնական այցելությունները, իսկ երեկոյան՝ 22:00-ից մինչև լուսաբաց, կիրականացվի գեղարվեստական ծրագիր, որով ստեղծագործական հանրությունը ամբողջ ժողովրդի անունից իր հարգանքի տուրքը կմատուցի զոհերի հիշատակին երաժշտական կատարումների, երգեցողության միջոցով:
Անժելա Համբարձումյան