Քաղաքականություն

Ռուբեն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը ցավակցական գրառումը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- գրել է Փաշինյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։

Շուգարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում։

1980-1985թթ․ նա սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ռուսաց լեզու և անգլերեն, անգլիական, ռուս և ամերիկյան գրականություն։ 1985-1989թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։

1993-1999թթ․ Ռուբեն Շուգարյանը եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև 1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)։

Նա ԱՄՆ է տեղափոխվել 2008 թվականին՝ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում