Պաշտոնական

Էնֆիաջյանը կարևորում է Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը

2 րոպեի ընթերցում

Էնֆիաջյանը կարևորում է Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցը միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից։

«Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։

Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը, չի կարող ընդունելի լինել, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։ Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն է, այն ցույց տվեց և աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։ Միջազգային հանրությանն Արցախյան հակամարտությունը չպետք է ճանաչելի լինի որպես ընդամենը տարածքային վեճ։

Այսօր, եթե կան խնդիրներ արտաքին վեկտորում, պետք է տրվեն նաև համապատասխան բացատրություններ, ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ավելի խորությամբ պետք է ընկալեն և ընդունեն առկա իրադրությունը. Արցախի հակամարտության կարգավորման հարցը` միջազգային հանրությանը մատուցելու գլխավոր հիմքը, պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքը։

Սկզբունք, որը Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում