Քաղաքականություն

Այդ շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Այդ շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հեղափոխությունից հետո շանս է ստեղծվել նաև նախկին իշխանությունում աշխատած մի խումբ պետական պաշտոնյաների համար, որոնք կոռուպցիայի սիմվոլ չեն եղել: Սակայն ոմանք այդ շանսը չարաշահել են, և պետական կառավարման համակարգից նրանց դուրս գալու ժամանակն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ շատերն իշխանությանը և իրեն մեղադրում են թավշյա գործելակերպ ունենալու մեջ: «Խոսքը վերաբերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն են ծավալել, հեղափոխությունից հետո շարունակել են գործել, շատերը մինչև հիմա շարունակում են գործել և դրա հետևանքները մենք տեսնում ենք: Այն, որ ամեն ինչ այդպես է, ոչ մի կասկած չկա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց՝ թավշյա աշխատաոճն իրենց գաղափարախոսությունն է: «Ովքեր մեզ մեղադրում են թավշյա լինելու մեջ, մոռանում են, որ մենք Հայաստանում իրականացրել ենք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Եվ այդ հեղափոխության համատեքստում ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Եվ այս ժամանակաշրջանը շատ լուրջ փորձություն է եղել մեզ համար՝ պարզելու, թե ինչքանով ենք մենք ընդամենը բառեր ասում և ինչքանով ենք հավատում մեր ասած բառերին: Թավիշը և վենդետայի բացակայությունը եղել է և շարունակում է մնալ մեր գաղափարախոսությունը: Իմ ընկալումը եղել է այն, որ հեղափոխությունը շանս է յուրաքանչյուր քաղաքացու համար, բոլորիս համար, որ ուղղվենք դեպի լավը, այդ թվում գրեթե բոլոր պետական պաշտոնյաների համար, որոնք իրենք իրենցով կոռուպցիայի սիմվոլ չեն եղել: Եվ հեղափոխությունից հետո այդ շանսը ստեղծվել է բոլորի համար: Եվ ես ասել եմ, որ բոլորը պետք է ունենան շանս՝ նոր Հայաստանի քաղաքացի դառնալու համար: Եվ այդ ընթացքում եղել են, և ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք այդ շանսից օգտվել են, և կան մարդիկ, որոնք այդ շանսը չարաշահել են: Եվ բնականաբար նրանք, ովքեր այդ շանսից օգտվել են, պետք է վայելեն իրենց որոշումը, իսկ այն մարդիկ, որոնք չարաշահել են, պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից»,-ասաց Փաշինյանը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում