Սահմանափակումներով, բայց պրոֆեսիոնալ. Սիրիայում ՀՀ-ի հումանիտար խումբը շարունակում է առաքելությունը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը կարճ ժամանակում գրանցել է բավական մեծ հաջողություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը՝ ներկայացնելով հումանիտար խմբի աշխատանքները:

-Պարոն Տոնոյան, այս օրերին աշխարհի բազմաթիվ երկրներ տարբեր միջոցառումներով ու ծրագրերով պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Սիրիան բացառություն չէ: Ասացեք խնդրեմ, Սիրիայի իշխանություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, ի՞նչ սահմանափակումներ են գործում:

-Սիրիայում իշխանություններն իրականացնում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես, մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, գործում են մի շարք սահմանափակումներ: Դադարեցվել է քաղաքային, նահանգային, ինչպես նաև միջնահանգային երթևեկությունը: Սահմանափակումների շրջանակում երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան 06:00-ն հայտարարված է պարետային ժամ, արգելված է մարդկանց տեղաշարժը: Հանգստյան օրերին տեղաշարժը սահմանափակված է կեսօրից՝ ժամը 12:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: Կցանկանայի առանձնացնել Առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, նախարարության կողմից Դամասկոսի, Հալեպի, Լաթաքիայի, Հոմսի նահանգներում տեղակայված են լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է օրական մինչև 100 թեստավորում իրականացնել: Պատասխանատուները վստահեցնում են, որ այդ թիվը հնարավոր է հասցնել օրական 200-300-ի: Ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Սիրիայի տարածքում 28 դպրոցներ կցվել են Առողջապահության նախարարությանը՝ հարկ եղած դեպքում ծառայելու որպես մեկուսարաններ: Սիրիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 30-ից ավելին է, որից բուժվել է 5-ը: Գրանցվել է մահացության 2 դեպք:

-Նոր իրավիճակով պայմանավորված՝ ինչպե՞ս է կազմակերպվում մեր հումանիտար առաքելության աշխատանքը: Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում վարակից խուսափելու համար:

-Հայաստանի հումանիտար խումբն իր առաքելությունն իրականցնում է որոշակի սահմանափակումներով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Կատարվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ հումանիտար խմբի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Բոլոր ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են մարդասիրական կենտրոնում ամենօրյա ռեժիմով: Շաբաթվա ընթացքում երեք անգամ ընդհանուր ախտահանվում է անձնակազմի մշտական տեղակայման վայրը: Մարդասիրական խմբի անձնակազմը գործում է բավական պրոֆեսիոնալ, կատարում են կանխարգելիչ աշխատանքներ: Ընդգծեմ, որ մարդասիրական խմբում չկան առողջական խնդիրների հետ կապված դեպքեր:

-Այս օրերին աշխարհի տարբեր վայրերում առավել ընդգծվում է բժիշկների, բուժանձնակազմի դերը, իսկ այդտեղ գտնվող մեր բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերում տեղաբնակներին: Ի՞նչ ուղղություններով են մեր մասնագետներն աշխատում:

-Մեր մասնագետներն իրենց պարտականությունները կատարում են բավական պրոֆեսիոնալ և բարձր մակարդակով: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հաճախումները հիմանականում քիչ են: Ամեն դեպքում մեր մասնագետները որոշակի սահմանափակումներում անգամ իրականցնում են իրենց առջև դրված խնդիրները: Նրանք ապահովված են պաշտպանիչ հանդերձանքներով ու ախտահանիչ միջոցներով: Դժվարություններով, սակայն պատվով իրականացնում են իրենց աշխատանքները: Մեր բժիշկները բազմապրոֆիլ ուղղություններով են սպասարկում՝ մանկաբուժություն, գինեկոլոգիա, վիրաբուժություն և այլն: Բոլոր ուղղություններով էլ ունենք գրանցած հաջողություններ:

-Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի մի շարք բժշկական հաստատություններին վերջերս փոխանցեց բժշկական պարագաներ։ Ինչպե՞ս է կազմակերպվում աջակցության գործընթացը, ինչի՞ կարիք է զգացվում:

-Այո, մի քանի օր առաջ մեր մարդասիրական խմբի կողմից Հալեպի մի շարք բուժհաստատությունների տրվեցին դեղորայք, բժշկական պարագաներ: Հալեպում Հայաստանի Հանրապետության հյուպատոսության ջանքերով տեղի բժշկական հաստատությունների ու Հալեպ նահանգի առողջապահական պատասխանատուների հետ համատեղ իրակաանցվում են այդ աշխատանքները: Հանդիպումների ժամանակ տեղեկացվում են, թե ինչ բժշկական պարագաների կարիք ունեն: Սահմանված կարգով տեղեկատվությունը փոխանցվում է Հայաստանի իշխանություններին: Համապատասխան օժանդակությունը ստանալուց հետո այն բաշխվում է բժշկական հաստատությունների միջև:

-ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի 4-րդ հերթափոխն իր աշխատանքները կատարում է փետրվարից: Ինչպե՞ս կգնահատեք այս հերթափոխի գործունեությունը, ի՞նչ արդյունքներ կառանձացնեք:

-Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնի կազմում գործող մարդասիրական առաքելության ականզերծողներն ունեցել են բավական մեծ հաջողություններ այս կարճ ժամանակահատվածում: Պետք է նշեմ, որ 20 հազար քմ-ից ավելի տարածք է ականազերծվել այս կարճ ժամանակահատվածում: Հայտնաբերվել է մոտ 40 միավոր պատերազմի հետևանքով մնացած պայթուցիկ նյութեր: Դրանք բոլորը վնասազերծված են: Բժիշկների պարագայում էլ արդյունքները տպավորիչ են: Կարող ենք փաստել, որ Սիրիայում մեր առաքելությունն ընթանում է բնականոն հունով, նույնիսկ կորոնավիրուսով պայմանավորված այս օրերին ստեղծված դժվարին իրավիճակում աշխատանքները կատարվում են հավուր պատշաճի:

-Տարբեր առիթներով նշվում է, որ մեր մասնագետները ջերմ հարաբերություններ են հաստատել թե՛ հայ համայնքի, թե՛ տեղի մյուս բնակիչների հետ: Ի՞նչ հետաքրքրիր դրվագներ կառանձնացնեք բնակիչների հետ շփումներից:

-Շատ ճիշտ նկատեցիք, ջերմ հարաբերություններ ունենք թե հայ համայնքի, թե տեղի մյուս բնակիչների հետ: Ասեմ, որ Հալեպում, ընդհանրապես Սիրիայում հայ համայնքն ունի բացարձակ հեղինակություն: Սիրիացիների շրջանում հայերն ունեն իրենց առանձնահատուկ տեղը՝ շնորհիվ իրենց վարքագծի, աշխատանքի, գործունեության, հոգեկերտվածքի: Մենք չէինք կարող զերծ մնալ այս պրոցեսից: Ուշադրությունը զգում ենք մշտապես: Այստեղ կան մարդիկ՝ թե հայեր, թե այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր սովորել են Հայաստանում: Հենց սկզբից մեր մասնագետների հետ մտերմանալով՝ հիշում են իրենց դասախոսներին, կուրսընկերներին, կիսվում են հիշողություններով, ընդհանուր ծանոթներ են գտնում: Շատերը ցանկանում են կրկին գալ Հայաստան, մեծ հետաքրրություն են ցուցաբերել:

Աննա Գզիրյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում