COVID-19. աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 115 հազարը: Ապաքինվել է ավելի քան 434 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 169 հազար 496: Մահացության ցուցանիշը 17 հազար 489 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 503 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 266 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Եվրահանձաժողովի աշխատակազմի՝ կորոնավիրուսով վարակված անդամներից մեկը մահացել է

Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը, որ վարակված է եղել կորոնավիրուսով, ապրիլի 12-ին մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Ես ցավով տեղեկացնում եմ, որ նախօրեին հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը մահացել է: Նա վարակված էր կորոնավիրուսով»,-գրել է նա:

Բելգիայում մարտի 14-ից ապրիլի 19-ը գործում են մեկուսացման միջոցներ: Նշվում է, որ ժամկետները կարող են երկարացվել մինչև մայիսի 3-ը: Վերջին օրերին բժիշկներն արձանագրում են ավելի քիչ թվով հոսպիտալացման և ավելի շատ ապաքինման դեպքեր:

Հարավային Կորեան ԱՄՆ կուղարկի կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ

Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ: Ավելի վաղ նման խնդարնքով Սեուլին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեստերը կուղարկվեն ապրիլի 14-ին: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 մլն 850 հազարից, մահացածների ցուցանիշը 114 հազարից ավելի է: Ապաքինվել է 429 հազար 196 մարդ: Թեժ կետերը համարվում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան:

Իրանցի գիտնականների խումբն ստեղծել է նախկինում կորոնավիրուսով հիվանդացած լինելը հաստատող թեստ

Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ հետազոտողների խմբի և սերոլոգիական ախտորոշման թեստի ծրագրի ղեկավար, Թեհրանի բժշկական համալսարանի իմունոլոգիայի բաժնի դասախոս, դոկտոր Զառնանի՝ այս նոր թեստի միջոցով հնարավոր է հստակ ախտորոշել՝ անձը նախկինում հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, թե ոչ, մինչդեռ նախկին թեստերը վարակի 14-օրյա շրջանի ավարտից և հիվանդի ապաքինումից հետո ի վիճակի չեն հաստատել անձի՝ կորոնավիրուսով հիվանդացած լինելու փաստը: Դդոկտոր Զառնանը նշում է, որ այս թեստերը բացարձակ ճշգրտությամբ ախտորոշում են նախկինում այս վիրուսով հիվանդացած լինելու փաստը և մեծ աջակցություն կցուցաբերեն այն մարդկանց, ովքեր նախկինում հիվանդացել են, բայց հիվանդության ախտանիշների թույլ լինելու պատճառով չեն կռահել այդ մասին: «Նախկինում հիվանդացած և առանց բարդության հիվանդությունն անցկացրած մարդիկ իմունիտետ են ձեռք բերել, բացարձակ անվտանգ են հասարակության այլ անդամների համար և առանց տնից դուրս գալու սահմանափակումների կարող են հանգիստ վերադառնալ իրենց առօրյա կյանքին ու բնականոն աշխատանքին»,-պնդում են իրանցի գիտնականները:

Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկը

Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի: Քանի որ մեծ թվով մարդիկ ստիպված են աշխատել տանից, հետևաբար ավելացել է նաև նման տեխնիկայի նկատմամբ պահանջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով շվեդական «Sveriges Radio»-ին, նշում է, որ էլեկտրոնիկայի մասնագիտացված խանութներից մեկում վաճառքի ցուցանիշներն աճել են 1500 տոկոսով: Խանութներում նշել են, որ այս փուլում պահանջված են սեղանի համակարգիչները, նոութբուքերը, տպիչները, վեբ-տեսախցիկները, մոնիտորները, ստեղնաշարերը, ականջակալները: Տարբեր խանութների ցանցերում նշում են, որ ամենից շատ նկատվում է ականջակալների վաճառքի մեծ աճ:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին առողջացել է

Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գերմանիայում վարակվածության ընդհանոր թիվը 127 հազար 854 է: Առողջացել է 64 հազար 300 մարդ: Մահացության ցուցանիշը երկրում մեկ օրում ավելացել է 126-ով՝ հասնելով 3 հազար 22-ի: «Deutsche welle»-ն, հղում կատարելով Ռոբերտ Կոխի ինստիտուտին, նշում է, որ վարակվածների ու մահացածների նոր դեպքերի թիվը երրորդն օրն անընդմեջ նվազում է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 15-ին կանցկացնի հեռախոսային կոնֆերանս դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որպեսզի քննարկի կորոնավիրուիս դեմ պայքարի հետագա գործողությունները: Օրակարգային թեմաներից է լինելու մտցված սահմանափակումների հնարավոր մեղմացումը:

Էկվադորի նախագահը կկրճատի իր և պաշտոնյաների աշխատավարձը

Էկվադորի ղեկավարության և պաշտոնատար այլ անձանց աշխատավարձը կկրճատվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն: «Ես որոշել եմ 50 տոկոսով կրճատել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարների ամսական աշխատավարձները: Դա կանեն նաև մյուս բոլոր պաշտոնյաները և խորհրդարանականները»,-գրել է նա «Թվիթեր»-ում: Էկվադորում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 466 դեպք, մահացել է 333 մարդ:

Ղազախստանում ավելի քան 200 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

Ղազախստանում 200-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Դա կազմում է ընդհանուր վարակվածների թվի 20,5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների անվտանգության որակի վերահսկման հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Բյուրաբեկովան: «Բժիշկների շրջանում գրանցվել է վարակվածության 211 դեպք: Այն կազմում է ընդհանուր թվի 20.5 տոկոսը»,-նշել է նա: Բժշկական հաստատությունների աշխատակազմում վարակի դեպքեր գրանցվել են երկրի 13 շրջաններում, սակայն բարձր ցուցանիշ կա Նուր Սուլթանում, Ալմաթիում: Նշվում է, որ բժշկական անձնակազմը բավարար չափով ապահովված չէ անհատական պաշտպանիչ միջոցներով: Ղազախստանում գրանցվել է վարակվածության 979 դեպք, որից 12-ը եղել է մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա