Միջազգային

Գերմանիան ժամանակավորապես փակում է հարևան հինգ երկրների հետ սահմանները

2 րոպեի ընթերցում

Գերմանիան ժամանակավորապես փակում է հարևան հինգ երկրների հետ սահմանները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։

«Սահմանային անցակետերին ստուգումները կիրականացվեն դաշնային և համապատասխան երկրամասային ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումների կողմից:

Այս պահի դրությամբ, այդ սահմանափակումները չեն գործում բեռնափոխադրումների, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր աշխատանքի բերումով պարտավոր են սահմանը հատել (օրինակ՝ բժիշկներ, պետական ծառայողներ): ԳԴՀ քաղաքացիները և ԳԴՀ-ում մշտական կացության իրավունք ունեցող անձիք կարող են մուտք գործել Գերմանիա: Մնացյալ ճամփորդողները, առանց հատուկ կարևորության հիմքերի, չեն կարող նշյալ 5 երկրներից մուտք գործել ԳԴՀ:

Մուտքի արգելքը գործում է նաև այն անձանց համար, ում մոտ կհայտնաբերվի COVID-19 վիրուսի ախտանիշ կամ կասկած: Նմանօրինակ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչները համապատասխան առողջապահական գերատեսչությունների հետ կապ կհաստատեն, որից հետո միայն որոշում կընդունվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը նաև հայտնում է, որ օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես գտնվում են Գերմանիայում (գործող Շենգենյան մուտքի արտոնագրով՝ զբոսաշրջություն կամ ժամանակավոր գործուղում) և նրանց մուտքի արտոնագրի ժամկետը լրանում է, պետք է դիմեն տվյալ քաղաքի օտարերկրացիների հարցերով պատասխանատու գերատեսչություն (Ausländerbehörde)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գերմանիայում գտնվելու կեցության ժամկետը երկարաձգելու / օրինականացնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում