Հռոմից Երևան ժամանած ուղևորների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-ի երեկոյան Հռոմից Երևան ժամանած ինքնաթիռի ուղևորների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ որևէ ախտանշան չի հայտնաբերվել:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրել են ախտահանման, զննման աշխատանքներ:
Տեսչական մարմնից նշեցին, որ այսօրվանից Հայաստան բոլոր ժամանողների համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար:
Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Նախարարությունից վստահեցնում են, որ օդանավակայանում խիստ հսկողություն է իրականացվում: Ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այդ անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: