Ղարաբաղյան հիմնահարց

ՀՀ-ն հավատարիմ է ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մնացականյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ն հավատարիմ է ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այս շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել հանուն այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն բոլոր ժողովուրդների համար: Մեզ համար ամենասուր հարցը եղել և մնում է ԼՂ մեր հայրենակիցների ռեալ անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Մյունխենյան սկզբունքներ»-ին, Արտաքին գործերի նախարարը նշեց, որ դրանցում արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ Հայաստանի ձևավորած դիրքորոշումն ու մոտեցումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած սկզբունքներին՝ դրանք անվանելով «Մյունխենյան սկզբունքներ».

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

  1. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
  2. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
  3. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
  4. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
  5. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում