Գրքերի շնորհանդեսներ, համերգային ծրագրեր. Հայաստանում նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի առթիվ, որը նշվում է փետրվարի 19-ին, հետաքրքիր միջոցառումներ են իրականացվելու ինչպես նրա ծննդավայրում` Դսեղում, այնպես էլ Երևանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դսեղում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանն ընդգծեց, որ Թումանյանի ծննդյան օրը նաև նշվում է Գիրք նվիրելու տոնը, ուստի պատրաստել են ցուցանակներ, որոնց վրա մեջբերել են Թումանյանի այն տողերը, որոնք վերաբերում են գրքերին: «Դսեղի դպրոցի` տարբեր մրցույթներում հաղթած աշակերտները ասմունքելու են հեղինակի բանաստեղծությունները: Հյուրընկալելու ենք ներկայացուցիչների Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Հայաստանի ազգային գրադարանից»,-նշեց Ղազումյանը:

Նա ասաց, որ Թումանյանի ծննդյան օրը կազմակերպված միջոցառումներին սիրով մասնակցում են ինչպես աշակերտները, այնպես էլ`մեծահասակները:

Միջոցառումների հագեցած ծրագիր է պատրաստել նաև Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանը: Թանգարանում «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթ կանցկացվի, թանգարանն իր հրատարակած գրքերը կվաճառի հատուկ գնացուցակով, կներկայացնի «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի, «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսները: Համերգային ծրագրով հանդես կգա «Տիեզերք» բենդը:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում:Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի ծխական դպրոցում: 1883-1887-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյանդպրոցում: Թումանյանն սկսել է ստեղծագործել 1880-ական թվականների կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հատոր 1-2, 1890-92):

Թումանյանի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է 20-րդ դարի առաջին տարիներին: Թումանյանի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» պոեմներում պատկերված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: 1894-ին Թումանյանը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժ գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ:

Թումանյանի ստեղծագործությունը զգալիորեն կապված է բանահյուսության հետ: Նրաբալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար»՝ 1892, «Փարվանա»՝ 1903, «Թմկաբերդի առումը»՝ 1902, «Հսկան»՝ 1908, «Մի կաթիլ մեղր»՝ 1909, «Աղավնու վանքը»՝ 1913, «Թագավորն ու չարչին»՝ 1917): 20-րդ դարի սկզբին Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ՝ «Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908), «Քաջ Նազար» (1912) և այլն, փոխադրել Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովրդական հեքիաթներ:

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքորը» (1895, հրտ.՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982): Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ.՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրտ.՝ 1899), չափածո և արձակ այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին (1916-1922) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:

1899-ին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը: Թումանյանը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հասարակական կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր: Գրել է հետազոտություններՆահապետՔուչակի,Նաղաշ Հովնաթանի,Սայաթ-Նովայի մասին: Կատարել է թարգմանություններ Ա. Պուշկինից, Ջ. Բայրոնից, Մ. Լերմոնտովից:

Թումանյանն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: 1905-1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908-09, 1911-12): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավարԱնդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքվածարևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը: 1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միություն (ՀՀՄՄ)՝ տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար: Թումանյանի թանգարան կաԵրևանում, տուն-թանգարան՝ Դսեղում: Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում: 1980-ին ՀԳՄ սահմանել է Թումանյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English Русский

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ