Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետի և Լատվիայի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետի և Լատվիայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարաայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էնեգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Կողմերը պայմանավորվել են հանձնարարել կառավարությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել նշված ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարները և նախապատրաստել կոնկրետ ծրագրեր:

Բոյկո Բորիսովը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Բուլղարիա, ինչը սիրով ընդունվել է: Նրանք վստահություն են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցն անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և այդ ուղղությամբ համագործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում