Քաղաքականություն

Սիմոնյանը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ յոթ անդամների հրաժարական տալը

2 րոպեի ընթերցում

Սիմոնյանը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ յոթ անդամների հրաժարական տալը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամները հրաժարական տան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կկայանա՞, արդյոք, հանրաքվեն՝ նրանց հրաժարականի դեպքում:

«Ենթադրում եմ, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա: Ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել: Բացառում եմ, որ բոլորը հրաժարական կտան: Չեմ կարծում, որ բոլորը նման համարձակ քայլի կգնան»,- ասաց Սիմոնյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

2019թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի փետրվարի 27-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում