Քաղաքականություն

Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ անդամների հարցը հանրաքվեի դնելու իրավական ընթացակարգը

3 րոպեի ընթերցում

Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ անդամների հարցը հանրաքվեի դնելու իրավական ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահն Ազգային ժողովի նախագահից Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ ստորագրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

«Արդեն մենք մտել ենք իրավական կարգավորումների փուլ: Նախ` պետք է Ազգային ժողովի նախագահը ստորագրի և 7-օրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ՝ հանրաքվե նշանակելու համար: Սա իրավական ընթացք է»,- ասաց Հովակիմյանը:

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Խորհրդարանը նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում