Քաղաքականություն

ՍԴ-ի վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն

3 րոպեի ընթերցում

 ՍԴ-ի վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահի և անդամներին պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվում և ընդունվում է երկրորդ ընթերցմամբ, և կանոնակարգ օրենքի կարգավորումն այնպիսին է, որ մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվելը, նախագիծը գնում է ՍԴ՝ եզրակացության: Դրանից հետո, եթե երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում չի ընդունվում, դրվում է հանրաքվեի»,- ասաց Կարապետյանը:

Նա չնշեց՝ արդյոք հարցը կդրվի հանրաքվեի, թե ոչ, բայց շեշտեց, որ նախագծին ՍԴ ուղարկելու մասին որոշումը և հանրաքվեի դնելու մասին որոշումը կցելն աշխատակարգով սահմանված պարտադիր պահանջ է:

Նախագիծը կքննարկվի փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ընդմիջվեց 20 րոպեով:

«Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստից հետ էր կանչել ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նախագիծը, և նոր նախագիծ դրել շրջանառության մեջ, որի համահեղինակներն են խմբակցության 44 պատգամավորները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում