Նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է «Բարաքա» ատոմային էլեկտրակայան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է «Բարաքա» ատոմային էլեկտրակայան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության արտադրության ամբողջ զամբյուղի մեջ։

Նախագահ Սարգսյանը շրջել է կայանում, ծանոթացել գործունեությանը: Տեղեկացվել է, որ ատոմակայանի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության կանոնների պահպանմանը։ Համապատասխան պետական կառույցի ղեկավարների հետ Հայաստանի նախագահը զրուցել է միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Նշելով Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի առկայության փաստը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ունի ինչպես ատոմակայանը կառավարելու և կայուն պահելու, այնպես էլ դրա անվտանգությամբ զբաղվելու գիտական և ինժեներական երկարամյա փորձառություն։

Զրուցակիցները կարևորել են միջուկային էներգետիկայի ոլորտում երկու երկրների կայուն և երկարատև համագործակցությունը:«Կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում բավականին կխորանա և նոր հնարավորություններ կբացի,- նշել է նախագահ Սարգսյանը։- Ինչպես գիտեք, մեկ տարի առաջ սկսված գործընթացի արդյունքում «Մասդար» ընկերությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ»-ի հետ՝ Հայաստանում մոտ 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի կայան կառուցելու նպատակով։ Իմ այցելությունը ԱՄԷ-ի միջուկային էներգետիկայի կենտրոն ինքնանպատակ չէ։ Քանի որ Հայաստանի էներգետիկ զամբյուղի մեջ միջուկային էներգետիկան, այսինքն՝ ատոմակայանն այսօր կա և վաղն էլ շարունակելու է արդյունավետորեն աշխատել, հետևաբար, այդ ատոմակայանի հետ կապված ցանկացած խնդիր, ամենակարևորը՝ անվտանգության, կայունության և նաև կառավարման խնդիրը, հետաքրքրություն է ներկայացնում»։Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ընդհանրապես, ատոմակայանի կայունության, անվտանգության և միջուկային կարգավորումների հետ կապված խնդիրների լուծման ոլորտում Հայաստանի Հանրապետությունը և ԱՄԷ-ն համատեղ հետաքրքրություններ ունեն։«Կարծում եմ՝ մեր գիտնականները, մասնագետները, ինժեներները ասելիք ունեն և ունեն որոշակի գիտելիք իրենց գործընկերներին փոխանցելու, և հակառակը, քանի որ ԱՄԷ-ում կառուցվող՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող ատոմակայանը հետաքրքիր օբյեկտ է»- ասել է նախագահ Սարգսյանը։

Հայաստանի նախագահի և էմիրաթական կողմի ներկայացուցիչների հանդիպումը հաճախ է ընթացել մասնագիտական դաշտում։ Նախագահ Սարգսյանի զրուցակիցները բարձր են գնահատել նրա տեղեկացվածությունը և գիտելիքները միջուկային էներգետիկայի ոլորտում․ ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը ժամանակին եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։

Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հայկական ատոմակայանի համագործակցության ընդլայնումը համաշխարհային միջուկային կենտրոնների հետ:«Հայաստանն ատոմակայան ունեցող և միջուկային էներգետիկայից հասկացող երկիր է և այդպիսի պետք է մնա երկար տարիներ, քանի որ մենք բոլորս ակնկալում ենք, որ գուցե, հինգ, տասը, տասնհինգ, քսան տարի հետո պետք է սկսվի նոր տիպի ջերմամիջուկային կայանների դարը, որոնք շատ ավելի արդյունավետ և անվնաս են լինելու։ Կարծում եմ՝ Հայաստանը գիտության, ինժեներական գիտելիքի փորձառության իմաստով պետք է մնա աշխարհի կենտրոններից մեկը»,-շեշտել է նա:

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը