ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին, շնորհավորել հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին, շնորհավորել հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում: 

«Ուրախ եմ շնորհավորել Ձեզ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Հայ-հնդկական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն նաև դրանից օգտվելով անկախացումից հետո սկիզբ դրվեցին Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին, որոնք ներկայումս շարունակում են զարգանալ բոլոր ուղղություններով: Հնդկաստանի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականություն առաջնահերթ ուղղություններից է»,- նշել է նախագահը: 

Նշվում է, որ Հնդկաստանի դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և բարեմաղթանքների համար: 

‹‹Իսկապես, մեր երկրների փոխգործակցությունն աճում է և զարգացման մեծ ներուժ ունի»,- իր խոսքում նշել է դեսպանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: 

Հաղորդվում է, որ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում Հայաստանի հանձնառությունը և հստակ դիրքորոշումը: 

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկկողմ ջանքերը Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ: 

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս խթանել երկու երկրների գործարար միջավայրերի շփումների շարունակականությունը՝ համատեղ գործարար համաժողովների և այլ ձևաչափերի ներդրման միջոցով: 

‹‹Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների››,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում