Պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-ն սկսում է Եվրոպայի համերգասրահներում հյուրախաղերով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականն սկսում է եվրոպական համերգային շրջագայությամբ։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ը ելույթներ կունենա Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի համերգասրահներում։ Դասական երաժշտության ութ համերգները կկայանան՝ հունվարի 8-ին Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում, հունվարի 9-ին՝ Զալցբուրգի Grobes Festspielhaus-ում, հունվարի 10-ին՝ Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճում, հունվարի 12-ին՝ Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում։ Հունվարի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բեմ կբարձրանա Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում, հունվարի 17-ին՝ Վիեննայի «Մյուզիքվերեյն»-ում, հունվարի 19-ին՝ Պրահայի «Ռուդոլֆինում»-ում և հունվարի 21-ին՝ Մոսկվայի «Զարյադյե» դահլիճում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանում առաջին կոլեկտիվն է, որ նման մեծամասշտաբ համերգային շրջագայություն է ունենում՝ մեկ շրջագայության ընթացքում ներկայանալով դասական երաժշտության հեղինակավոր հարթակներում։

Եվրոպացի խստապահանջ ունկնդրի առջև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնչեցնելու է Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն սիմֆոնիաներից է։ Եվրոպացի ունկնդիրը պետական սիմֆոնիկ նվագախմբի շնորհիվ առաջին անգամ կբացահայտի Ջոն Տեր-Թադևոսյան կոմպոզիտորին ու նրա արվեստը։ Մեծարժեք այս սիմֆոնիան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տասնամյակների ընդմիջումից հետո վերջին երեք տարվա ընթացքում երկու անգամ հնչեցրել է Երևանում, թվայնացրել է ստեղծագործությունը, իսկ այժմ արդեն այն կներկայացնի մեր երկրի սահմաններից դուրս։ Ի դեպ, «Մարդու ճակատագիրը», որ կոմպոզիտորը գրել է Միխայիլ Շոլոխովի համանուն պատմվածքից ստացած տպավորությունների հիման վրա, 2019 թվականին պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ձայնագրել է. ձայնագրության երաժշտական պրոդյուսերն էր Գրեմմիի բազմակի մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը։

Հատկանշական է, որ եվրոպական հյուրախաղերի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը, որն ընթացիկ համերգաշրջանում նվագախմբի ռեզիդենտ արտիստն է։ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»։ Կհնչեն նաև Ալեքսեյ Շորի և Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից։

Եվրոպական համերգային այս շրջագայությունը երկար տարիների աշխատանքի արդյունք է, ինչը հնարավոր է դարձել կյանքի կոչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք