ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների
նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։