Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պապոյանը կոչ արեց պարզել ապօրինի որդեգրման գործով կասկածվողների աջակիցներ ունենալ-չունենալու հարցը

Պապոյանը կոչ արեց պարզել ապօրինի որդեգրման գործով կասկածվողների աջակիցներ 
ունենալ-չունենալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծում է, որ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի համար նախորդ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն: Նա իրավապահ մարմիններին կոչ է անում ուսումնասիրել, թե արդյոք այդ գործով կասկածվողները պետական, իրավապահ բարձրաստիճան մարմիններում ունեցել են «հովանավորներ», թե ոչ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 19-ի ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

«Ուզում եմ ամբիոնից հայտարարել, որ չնայած անմեղության կանխավարկածին՝ կարծում եմ, որ նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախորդ իշխանությունները: Միայն կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր այդքան երեխայի վաճառել և պատասխանատվություն չկրել։ Միայն այն մարդը կաներ նման բան, որը գիտի, որ հովանավորչության պարագայում կամ որոշակի մեխանիզմերի առկայության պարագայում հնարավոր է կատարել այդպիսի գործողություններ և որևէ կերպ պատասխանատվություն չկրել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ առաջին հերթին նախորդ իշխանությունները կրում են քաղաքական պատասխանատվություն այս դեպքի համար: Եվ ես այս բարձր քաղաքական ամբիոնից կոչ եմ անում Հայաստանի իրավապահ մարմիններին ուսումնասիրել, թե այդ մարդիկ, արդյոք, ունեցե՞լ են պետական իրավապահ բարձրաստիճան մարմիններում որոշակի հովանավորներ, թե ոչ»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ նշեց՝  կարծում է, որ հնարավոր չէր 2-3 հոգով այդպիսի գործողություն ձեռնարկել: Այս ամենը ես նշում եմ՝ նաև հաշվի առնելով անմեղության կանխավարկածը:

Դեկտեմբերի 18-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am