Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու հարթակ ստեղծել. Նիկոլ Փաշինյան

Ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու հարթակ 
ստեղծել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչի համար է կառավարությունը որոշել մոտավորապես 270 միլիոն դրամ գումար հատկացնել՝ Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց՝ շատ կարևոր է արձանագրել, թե  ինչի համար են դա անում՝ շեշտելով, որ խնդիրը բացարձակապես ուտել-խմելու կամ ճոխությունների վրա գումար ծախսելը չէ: «Որովհետև մեր կարծիքով մենք սրանով լուծում ենք և պիտի այս ավանդույթը շարունակելով և զարգացնելով՝ լուծենք շատ կարևոր սոցիալ-տնտեսական, հոգեբանական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, գիտեք, որ Հայաստանի շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն՝ ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում: Եվ ահա այս միջոցառումների կոմպլեքսը, որ պլանավորել ենք Երևանում, ունի այդպիսի նպատակ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ տարվա գործողությամբ այդ խնդիրն ամբողջապես չենք լուծի, և մենք նկատի ունենք, որ ամեն տարի այս ավանդույթը պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»,- մանրամասնեց վարչապետը:

Նա հավելեց՝ սրանով ուզում են էլ ավելի խթանել դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը: «Գիտեք, որ հիմա բավական մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը Հայաստան: Ես այսպիսի խնդիր եմ ձևակերպել, որ Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն պիտի չունենա: Այսինքն, տարվա մեջ 12 ամիս Հայաստանը պետք է տուրիստական հետաքրքիր ուղղություն լինի»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որ փորձում են լուծել՝  Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսանկյունից որոշակի սրբագրումներ մտցնելն է: «Շատ է խոսվում այն մասին՝ արժե արդյոք այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում բազմաթիվ սոցիալապես անապահով կամ ոչ այնքան ապահով մարդիկ կան: Այն միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով հենց առաջին հերթին ամանորյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում, Երևանի կենտրոնում: Այդ հատվածում աշխատելու են նաև սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր, կարող են մարդիկ իրենց երեխաներին վերցնել գալ Հանրապետության հրապարակ: Երևանի 2750 ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, համբուրգերներ, և մարդիկ կարող են մեկ բրդուճով, մեկ բաժակ գինի վերցնելով՝ իրենց երեխաների հետ այդ գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով, բոլորովին նոր որակի միջավայր ստանալ իրենց ընտանիքի և ընկերների հետ ամանորը նշելիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար Ամանորը մենք պատկերացնում ենք տոն, երբ փոքր խմբերով, ընկերական շրջապատներով, ընտանիքով փակվում ենք մեր տներում և նշում ենք այդպես: «Մենք ուզում ենք Ամանորին Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու, ավելի լայն միջավայրում նշելու հարթակ ստեղծել՝ ի կատարումն այն կարգախոսի, որ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքը: Մենք ուզում ենք ամանորյա այդ ընտանիքի շրջանակը և միջավայրն ավելի մեծացնել, ինչը չի հակադրվում ավելի փոքր միջավայրերում նշելու ավանդույթին: Մեկը մյուսին այս պարագայում կարող են շարունակել և մեկը մյուսի համար ավելի լավ միջավայր ստեղծել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ դեկտեմբերի 21-ից ամենօրյա համերգներ են լինելու Երևանի 2750-ամյակի այգում, հետո նաև Հանրապետության հրապարակում: «Մենք ուզում ենք այնպես անել, որ երեխաները նայեն ոչ թե իրենց և իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին նայելու, տեսնելու, ինչ-որ նոր լավ և գեղեցիկ բան ունենան, իրենց վիզուալ գեղագիտությունը զարգանալու այլընտրանք ունենան: Շատ կարևոր նրբություն եմ ուզում ընդգծել: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը Երևանում լինելու է դասական երաժշտության համերգ, լինելու են թատրոններ, որոշակի ժամերի բաց են լինելու թանգարաններ: Այս առումով նույնպես կարծում եմ շատ կարևոր է, որ մենք կարողանանք զարգացնել այն կուլտուրան, որ Ամանորի օրերին կարելի է մի քիչ գումար պակաս ծախսել սննդի վրա և այդ գումարը ծախսել և դասական երաշժտության համերգի, թատրոնի, թանգարանի տոմս գնել: Մենք ուզում ենք այնպես անել, որ տոնը ինքը լինի հանգստանալու միջավայր և ոչ թե սննդային և այլ կարգի դեպրեսիաների մեջ ընկնելու միջավայր»,- նշեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]