Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Ամերիկյան «Condé Nast Traveler»-ը Հայաստանը ներառել է 2020-ի զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Ամերիկյան «Condé Nast Traveler»-ը Հայաստանը ներառել է 2020-ի զբոսաշրջային 
ուղղությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Condé Nast Traveler» ճանապարհորդական ամսագիրը ներկայացրել է 2020 թվականի այցելությունների համար լավագույն 20 երկրների ցանկը: Այն գլխավորում է Հայաստանը:

«Նոր, ավելի շատ ոգեշնչման կարի՞ք ունեք: Դիտարկեք մեր կողմից երաշխավորված տարածքները հունվարին գնալու համար: Ամեն ինչից զատ, նոր տարվա լավագույն սկիզբը ճանապարհորդների համար անվերջ զբոսաշրջային հնարավորություններն են, թե ուր կգնաք, ում հետ կգնաք, և թե ինչպես այդ այցելությունը կփոխի ձեր հայացքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հոդվածում:

Հայաստանն այն ճանապարհին է, որ հաջորդ տարի կդառնա ամենաքննարկվող երկրներից մեկը: Հոդվածագիրը մատնանշում է Քիմ Քարդաշյանի Հայաստան այցելությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Ryanair» ավիաընկերությանը, որը հայաստանյան շուկա մուտք է գործելու 2020 թվականին: Այն հայկական շուկայում առաջին բյուջետային ավիաընկերությունն է, որն առաջարկելու է նոր հնարավորություններ: Հունվարից հնարավոր կլինի բյուջետային ավիաընկերության ծառայություններով Հռոմից և Միլանից մեկնել Երևան, որին կհաջորդի Մեմինգենից Գյումրի, Բեռլինից Երևան ուղղությունը: Մեկ ուղղությամբ տոմսերի արժեքը սկսում է 33 դոլարից, ինչը Հայաստանը դարձնում է «գրպանի համար բարենպաստ» երկիր:

Հայաստան առաջին անգամ այցելողներին խորհուրդ է տրվում մնալ Երևանում՝ վարդագույն քաղաքում: Հյուրանոցում տեղավորվելուց հետո հոդվածագիրն առաջարկում է այցելել քաղաքի հիմնական տեսարժան վայրերը՝  Հանրապետության հրապարակ, Կասկադ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:

Քաղաքից դուրս Հայաստանի զբոսաշրջության հիմքում հայկական եկեղեցիներն են: Մասնավորապես, խոսվում է Խոր Վիրապի, Նորավանքի, Գեղարդի, հեթանոսական Գառնու տաճարի մասին: Հայաստանի ճարտարապետության գլխավոր զարդը Էջմիածինն է, որտեղ գտնվում է աշխարհի հնագույն տաճարներից մեկը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին, Դիլիջան ազգային պարկին և այլ տեսարժան վայրերի:

«Condé Nast Traveler» ամսագրի առաջարկած 20 երկրների ցանկում են Բրազիլիան, Իսպանիան, Կանադան, Դանիան, Արգենտինան, ԱՄԷ-ն և այլն:




Այս թեմայով

... վերջին լուր "Տուրիզմ" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ