Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել վերահսկելի

 Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ ոլորտը կլինի առավել 
վերահսկելի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման առումով լուրջ քայլեր են կատարվում: Գոյություն ունեցող համակարգն արդյունավետ չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը:

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տնօրենի կողմից ուղղակի հայտարարությունը առ այն, որ ինքը հանդիսանում է սեփականատեր` առանց ստուգելու, տարբեր աղբյուրներով ճշտելու, չի կարող լինել արդյունավետ: Միայն հայտարարագրման գործիքը չի կարող բավարար լինել բացահայտելու իրական սեփականատերերին: Միջազգային պրակտիկայում մեծ դերակատարում ունեն հարկային մարմինները, ֆինանսական հաստատությունները, որոնք պարտավոր են իրենց հաճախորդին ճանաչել: Այդ տեղեկության հիման վրա է ձևավորվում իրական սեփականատերը»,- ասաց Բադասյանը:

Մյուս կողմից հարց է առաջանում, թե այդ տեղեկությունը ում պետք է հասանելի լինի՝ հասանելի լինի միայն իրավապահ մարմիններին, թե ամբողջ հասարակությանը հայտնի դառնա:

«Հենց այդ պրակտիկ հարցերը առանձնացրել ենք, որպեսզի քննարկենք մեր միջազգային գործընկերների հետ, ովքեր լավագույն փորձն են կուտակում: Աշխարհում դեռևս հաստատված լուծումներ այդ հարցերին չկա: Այդ ինստիտուտը նոր է ոչ միայն Հայաստանի համար: Բոլոր հարցերը շարունակում են քննարկվել տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում»,- ընդգծեց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ իրական սեփականատերի ինստիտուտն էական նշանակություն կունենա ոչ միայն քրեական գործեր հարուցելու համար, այլ նաև հարկային հարցերով միջազգային փոխօգնության պարտականությունները կատարելու տեսանկյունից:

«Սա ևս մեկ գործիք է վերահսկելու ոլորտը` տեսնելու իրական սեփականատերերին: Շատ դեպքերում Հայաստանում ներդրում կատարողների համար հետաքրքիր է և կարևոր, թե իրականում ով է սեփականատերը այս կամ այն բիզնեսի»,- եզրափակեց Բադասյանը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նշեց, որ իրենց գործակալությունը մշտապես աջակցում է Կառավարությանը՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թափանցիկ գործունեության ծավալմանը:

«Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման նպատակն է քաջալերել կամ ստիպել ընկերություններին գրանցել իրական սեփականատերերին, որպեսզի ներդրողները իմանան, թե ում հետ են համագործակցելու: Ըստ դրա կորոշեն՝ ցանկանում են արդյոք ներդրում կատարել, թե ոչ: Ներդրողները շատ ավելի վստահ են իրենց զգում ներդրումներ կատարելիս, երբ գիտեն, թե ովքեր են իրական սեփականատերերը»,- ընդգծեց Դեբորան:

Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովը կազմակերպել է Բաց կառավարման գործընկերությունը՝ Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ` Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Վերջին տարիներին բազմաթիվ պետություններ և փորձագետներ հասկացել են, որ կոռուպցիան հասել է գլոբալ մասշտաբների և տարիների ընթացքում աճել ու զարգացել են անանուն ընկերություններ: Կոռումպացված շատ անձինք փորձում են իրենց ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարները թաքցնել անանուն ընկերություններում, հանել դրանք իրենց երկրներից, ձեռք բերել ապօրինի գույք, իսկ հաճախ նաև անանուն ընկերությունների միջոցով հանցավոր գործարքներ են իրականացնում ահաբեկիչները,  հարկերից խուսափողները, թրաֆիքինգ իրականացնողները և այլք:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]