Մեղրի համայնքի ղեկավարը մանրամասներ ներկայացրեց հողատարածքների ապօրինի աճուրդների վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն անցկացնում է նիստին մանրամասներ ներկայացրեց Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ:
«Ինչպես գիտեք, Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ հողատարածքների կասկածելի գործարքների հետ կապված գործը դատարանում է: Աճուրդի կազմակերպիչների նկատմամբ քրեական գործ է հարուցված: Իրենք ընդունել են իրենց մեղքը, դիմել են, որ արագ ընթացակարգով դատաքննությունն ընթանա: Տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով համայնքը դիմել է աճուրդն առ ոչինչ ճանաչելու և 7, ինչպես նաև 25 հա հողը համայնքին վերադարձնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մխիթար Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ բացի այդ 32 հա հողատարածքից, համայնքն ունի ևս 70 հա հողատարածք, որն ազատ է: Համայնքը պատրաստակամ է այն տրամադրելու ազատ տնտեսական գոտու կայացման համար:
Մխիթար Զաքարյանը ներկայացրեց համայնքի ավագանու աշխատակազմի դիրքորոշումը, ըստ որի, հողերի տրամադրմամբ համայնքը ազատ տնտեսական գոտու ընկերությունում 5-10 տոկոս բաժնեմաս ունենալու հայտ է ներկայացնում:
«Եթե հնարավոր լինի այդ ձևաչափով աշխատել, շատ լավ կլինի: Եթե այդ տարբերակով հնարավոր չլինի, համայնքը, միևնույն է, պատրաստ է աջակցելու»,-ասաց Մխիթար Զաքարյանը:
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ, որի օրակարգում «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է և դրա հետագա գործարկման հնարավորությունները: