Մարզեր

Մարտունի համայնքը կորցրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից վերջին վետերանին

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքը կորցրել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից վերջին վետերանին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը կորցրել է Հայրենական պատերազմի վերջին վետերանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ապրելով երկրային կյանքի գրեթե մեկ դար, իր մահկանացուն է կնքել Հայրենական մեծ պատերազմի վերջին մարտունեցի ականատեսն ու մասնակիցը` Լիճք գյուղի  բնակիչ Հրաչիկ Աղաջանի Պապեյանը։ 

Հրաչիկ Աղաջանյանը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերին։ Խորհրդային բանակ է զորակոչվել 1943 թվականին, ռազմական գործողություններում ներգրավվել Բելառուսում, ակտիվորեն  մասնակցել Բելառուսի ազատագրական մարտերին։ Զորացրվել է 1945 թվականին, վերադարձել տուն և անցել խաղաղ աշխատանքի։ Ամուսնացել է 1950 թվականին, ունեցել 4 որդի և 1 դուստր, 12 թոռ, 21 ծոռ։ 

«Հրաչիկ Պապեյանն աշխատել է հայրենի գյուղի տնտեսությունում, երկար տարիներ զբաղվել արտագնա աշխատանքով, հիմնականում վարել չարքաշ կյանք, սակայն հասցրել է շեն պահել իր տունը, կերակրել իր բազմանդամ ընտանիքը, նրանց տալ կրթության, տնավորել, հասցնել իրենց նպատակներին։ Նա մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում շրջապատում, լավ ընկեր էր, օրինակելի ամուսին ու ծնող, սիրված պապ։ Նրան փառքով դեպի հավերժություն է ճանապարհում ողջ գյուղը, Մարտունու համայնքապետարանը»-ներկայացրեց Լիճքի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Մարտունի համայնքից, որն իր վարչական տարածքով համապատասխանում է ՀԽՍՀ Մարտունու նախկին շրջանին, Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 7060 հոգի, որոնցից 3185-ը զոհվել կամ անհետ կորել են։  Լիճք գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 503  հոգի, որոնցից 201-ը զոհվել են ռազմադաշտերում, 302-ը վերադարձել տուն։

Խոսրով Խլղաթյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում