Քաղաքականություն

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբը դատապարտում է սպառնալիքներն ու ընտրակաշառքի դրսևորումները

4 րոպեի ընթերցում

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբը դատապարտում է  սպառնալիքներն ու ընտրակաշառքի  դրսևորումները

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբը դատապարտում է ինչպես սպառնալիքներն ու ընտրակաշառքի  դրսևորումներն, այնպես էլ գործողությունները, որոնք գյումրեցուն զրկում են իրենց ձայնի իրավունքից՝ տարաբնույթ իրավախախտ միջոցներով: Այս մասին մարտի 27-ին հրավիրած ասուլիսին նշեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու նախընտրական շտաբի ներկայացուցիչները:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսի հրավիրելու առիթը Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունն էր՝ Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի փաստով:

«Այսօր մենք դատապարտում ենք այն բոլոր գործողությունները, հրապարակումներն ու ձայնային հաղորդագրությունները, որոնք տեղի են ունեցել՝ դրանք անթույլատրելի են: Նման գործելաոճը Գյումրիում երբեք չի գործել և չի գործելու: Այս ընտրությունները Գյումրու մասին են, և չի կարելի յուրաքանչյուր գյումրեցու սահմանադրությամբ իրեն վերապահված ձայն արտահայտելու իրավունքի վրա որևէ ձևով ազդեցություն ունենալ: Մենք քարոզում ենք ժողովրդավարություն, մենք ընտրությունները անցկացնում ենք արդար ու մաքուր: Դատապարտում եմ նաև հայհոյախառը խոսույթները, որոնք ուղղված են մեր գյումրեցիներին»,-նշեց ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ հավաստիացնելով, որ չկա մի դեպք, երբ իրենց կողմից մարզպետարանի որևէ աշխատակցի կամ պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրվեն, իսկ իշխող ուժի համար կարևորը լեգիտիմ քաղաքապետ ունենալն է:

«Իրավական գնահատականները կթողնենք իրավաբաններին, բայց մենք, քաղաքական գնահատական տալով տեղի ունեցածին, կարևորում ենք ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները, կարևորում ենք յուրաքանչյուրի ձայնի իրավունքը, և հիմա փորձել մարդկանց տանել խաբելու ու մոլորեցնելու ճանապարհով՝ չի ստացվի: Պետք է հասկանալ, որ եթե այս ուժերը փորձում են այս փուլում ընտրակաշառքի միջոցով գնել ձեր ձայնը, իշխանության գալով այդ փողը հետ են բերելու հենց ձեզանից: Ես կոչ եմ անում գյումրեցիներին տեր կանգնել իրենց ձայնին ու մարտի 30-ին գնալ ընտրության այն գիտակցումով, որ դուք որոշում եք ձեր ապագան ու ձեր երեխաների ապահով հինգ տարիները»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  Քնարիկ Հարությունյանը:

Անդրադառնալով լրագրողների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից այս ընթացքում փողոցները հարթեցնելն ու խճապատելը վարչական ռեսուրսի օգտագործում որակելու հարցին, Քնարիկ Հարությունյանը փաստեց՝ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսությունը իրականացնում է իր գործառույթը, ինչպես ամեն օր իրականացվում է աղբահանությունը:

«Մենք այսօր պաշտպանելու ենք մեր ժողովրդի քվեն: Անկեղծ ասած, երբ այսօր տարածվեց Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը, զարմանալի չէր՝ ահազանգեր ստանում էի, ու բոլորին հորդորել եմ գնալ և օրինական ձևով հաղորդում տալ հանցագործության՝ կաշառքի, վառելափայտի, սննդի տրամադրման, կամ  տարբեր ձևերով ընտրողի վրա  ներգործության մասին: Այս ամենով շատ մարդիկ ու քաղաքական ուժեր ներքաշում են այս ամենի մեջ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն, որ ՀՀ Ընտրական օրենսգրքով և՛ կաշառք տալը, և՛ կաշառք ստանալը, ինչպես նաև միջնորդությունը քրեորեն պատժելի է: Որպես քաղաքական ուժ մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացու քվեին, և մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքացու հետ հայհոյանքով, սպառնալիքով խոսեն՝ ընտանիքի անդամներին առավելապես տղամարդկանց բերման ենթարկեն»,-նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ այս ընթացքում թեկնածուներից մեկը թիրախավորել է նաև անձամբ իրեն:

 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում