Քաղաքականություն

Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայացրին ընտրությունների իրենց գնահատականները և ակնկալիքները

3 րոպեի ընթերցում

Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածուները ներկայացրին ընտրությունների իրենց գնահատականները և ակնկալիքները

Փարաքարի ղեկավարի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը նորմալ է գնահատում ավագանու ընտրությունների ընթացքը համայնքում՝ նշելով, որ ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լյուդվիգ Գյուլնազարյանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ Փարաքարի 14/12 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո: 

Նա վստահ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու ընտրություններում ավելի քան 50 տոկոս քվեներ կստանա: «Այս ընտրություններից առաջ 2,5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս՝ մի փոքր ավելի, եղել եմ համայնքի ղեկավար, ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել: Այդ ամենը թույլ է տալիս մեզ սպասել այդ արդյունքները»,- պարզաբանեց նա: 

«Միասնություն» կուսակցությունների դաշինքից համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյանի խոսքով՝ ընտրական գործընթացն առայժմ բնականոն է ընթանում։ Նրա համոզմամբ՝ ընտրություններում կհաղթի իրենց քաղաքական ուժը: Գրիգորյանն ընդգծեց, որ չնայած նպաստավոր առաջարկներին, ընտրություններից հետո իր դաշինքը որևէ քաղաքական այլ ուժի հետ չի միավորվելու, քանի որ իր համար կարևոր է ընտրողների կարծիքն ու քվեն: 

Համայնքում բավականին մեծ խնդիրներ կան, և մենք պատրաստ ենք ստանձնելու այդ բեռը»,-վստահեցրեց նա: 

Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցող «Կայունություն» կուսակցության` համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Սարիբեկյանի կարծիքով՝ ինքը ներկայացնում է միակ այլընտրանքային ուժը, որը կապահովի համայնքում հավասարակշռված, խելացի կառավարում: Նա հայտարարեց, որ որևէ ուժի հետ միավորվելու ցանկություն և պարտավորություն չունեն: 

«Ազգային առաջընթաց» կուսակցության` համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մինասյանը ևս ընտրությունների ընթացքը բնականոն է համարում: «Հոսքը բավականին մեծ, աշխույժ է բնակչության կողմից: Ես իմ քաղաքացիական պարտքը կատարեցի հանուն ինձ և հանուն մեր Փարաքար խոշորացված համայնքի բոլոր բնակիչների»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ընտրություններից հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, այդ թվում՝ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ: 

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում