Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Երևանում ՏՏ համաժողովի մասնակիցների թիվը ռեկորդային է WCIT պատմության մեջ

Երևանում ՏՏ համաժողովի մասնակիցների թիվը ռեկորդային է WCIT պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին գրանցված անձանց թիվը ռեկորդային է WCIT պատմության ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Դեռ 2014թ. մենք շահեցինք WCIT-ն Հայաստանում անցկացնելու իրավունքը: Մենք այս տարի ունեցել ենք 6200 գրանցված մարդ, որոնք հաճախելու են, որը ռեկորդային է համաժողովի պատմության մեջ, որն անցկացվում է 1978թ.-ից: Ունենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած տարբեր հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ուրախ եմ, որ այս երեք օրերին Հայաստանը դառնալու է ՏՏ ոլորտի կենտրոն, և անցկացվելու են մեծ քննարկումներ, հանրաճանաչ խոսնակների մասնակցությամբ»,- ասաց Եսայանը:

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հայաստանը համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորություն է ստացել ընտրված խորագրի շնորհիվ:

«2014թ. դեռ նոր էր սկսվում ապակենտրոնացման շարժումը, իսկ այժմ աշխարհում տարբեր ուղղություններով օգտագործվում են ապակենտրոնացման գաղափարները: Մինչ այս կոնգրեսն անցկացվել է կամ շատ մեծ երկրներում կամ շատ զարգացած երկրներում, և Հայաստանում համաժողովն անցկացնելու որոշման մեջ մեծ դեռ խաղաց հենց ապակենտրոնացման խորագիրը: Մենք հայտարարեցինք, որ այս իրար կապված աշխարհում, որտեղ համացանցը հասանելի է, այլևս մեծ նշանակություն չունի, թե որտեղ ես գտնվում: Այդ գաղափարն էր, որ մեզ օգնեց գրավել նրանց ուշադրությունը»,- նշեց նա:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ