Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ դատախազության 101-ամյակին և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա, որ ինքը մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են պաշտպանված զգում: Սա չափազանց կարևոր առաքելություն է, և այդ առաքելության մեջ դատախազությունն ունի առաջնորդող դերակատարում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս ուսադիրները և համազգեստը կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Այս առաքելությունը պատմական, շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունի»,- նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում է արդյունավետ: «Վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ իսկապես Հայաստանի քաղաքացու դատախազությունն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ Հայաստանի  իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է նրա առաջ:  Ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել՝ նրանց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ  առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ, և ամեն օրվա, ամեն տարվա հետը Հայաստանի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, բոլոր քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունը իրենց դատախազությունն է, իրենց իրավունքի դատախազությունն է, իրենց անվտանգության դատախազությունն է, իրենց ապագան ապահովող դատախազությունն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս առումով  անելիքը շատ հստակ է՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը. «Հանցագործի տեղը բանտում է, հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս կունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքները առնվազն կառավարելիության տիրույթում են»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության գործունեությունը պետք է    լինի առավել արդյունավետ: «Ընդ որում, կոռուպցիա ասելով՝ մենք չպետք է հասկանանք այսպես ասած նախկին, թե ներկա կոռուպցիա: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից,  թե դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյանի նկատմամբ, թե թույլ է տրվում ներկայում գործող պաշտոնյայի նկատմամբ: Այս առումով մենք իսկապես անցյալի և ապագայի ճամփաբաժանի առաջ ենք կանգնած, և ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունը անցյալի առաջ, նաև բառիս փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է, ապագայի առաջ կանաչ լույս վառելն է, և այդ ապագայի հասանելիությունը, այդ պաշտպանված իրավական, օրինական ապագայի հասանելիությունն ապահովելը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ իրենց  նպատակադրումը հետևյալն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը, որովհետև դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը քաղաքացիների իրավունքները, պետության շահերը պաշտպանելը և պահպանելն է:

«Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված և այդ հոդվածից երկու նշում եմ արել ինձ համար, որ ուզում եմ հիմա մեջբերել:

««Մեջբերում առաջին՝ «Օրենքը պատժում է հանցավորը: Ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»:  Երկրորդ մեջբերում՝ «Իրավադատության մեջ է ազգի կյանքը և այս օրենքի վերա կարող է միայն մի ազգ առաջանալ», այսինքն՝ առաջընթաց ունենալ: Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է, երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք:  Այս իրողությունը մեր դասական գրականության և բանահյուսության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել: Այս թեմայով բազմաթիվ պատմվածքներ կան. այս պահին ես մտաբերում եմ «Աղքատի պատիվը» պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը և արդարադատությունը պիտի կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:  Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ մեր իրավական համակարգը, իրավապահ համակարգը, հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Ես հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքը ընթացիկ ժամանակի կոնյուկտուրայի համատեքստում չքաղաքականացվի: Ես ցույց տվեցի մեր դասական գրականության, պատմության համատեքստում, որ դա ամենևին էլ նոր խնդիր չէ, վերջին տասնամյակների խնդիր չէ, այդ խնդիրը շատ երկար ժամանակ, երբեմն՝ հատվածաբար, ուղեկցել է մեզ: Եվ հիմա հենց այս խնդրի լուծումն է մեր ամենակարևոր առաքելությունը, և առաջին հերթին՝ դատախազության ամենակարևոր առաքելությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նրա գնահատմամբ՝ հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ այդ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» ասույթը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենաք մեր այսօրվա իրականության հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am