Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂ հիմնախնդիրը Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ փաստաթղթերում

ԼՂ հիմնախնդիրը Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ 
փաստաթղթերում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կանոնակարգվում են 1996 թ. ստորագրած և 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով:  Նշված համաձայնագրին առաջիկայում ամբողջությամբ պետք է փոխարինի 2017 թ. ստորագրված և 2018 թ.-ից մասնակիորեն ուժի մեջ մտած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Բացի նշված համաձայնագրերը, 2016 թ. ԵՄ-ն եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ներկայացրել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թ.:

Ինչպես նշված է Եվրամիության կայքում՝ վերոնշյալ համաձայնագիրը սահմանում է առաջիկա տարիներին ԵՄ-ՀՀ համատեղ քաղաքականության գերակայությունները՝ ՀԸԳՀ-ին համահունչ: Այն առանցքային նշանակություն ունի մինչև 2020 թ. ՀՀ-ին տրամադրվելիք ԵՄ ֆինանսական աջակցության հարցում: Այսինքն, փաստացի սա ՀԸԳՀ-ն լրացնող փաստաթուղթ է և ամբողջությամբ պետք է գործի հիմնական փաստաթղթին՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ:

Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների իրավական հիմքը դեռևս կազմում է նույնպես 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը»: 2018 թ. հուլիսին նախաստորագրվել և նույն թվականի սեպտեմբերի 28-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի կողմից հաստատվել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այժմ բանակցություններ են ընթանում «Համապարփակ գործընկերության համաձայնագրի» (ՀԳՀ) շուրջ, որը պետք է փոխարինի 1999 թ. ուժի մեջ մտած հիմնական փաստաթղթին

Նշված փաստաթղթերից որոշներում ուղղակի անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրին: Ստորագրված և քննարկման փուլում գտնվող փաստաթղթերում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածների համեմատական վերլուծությունը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ Եվրամիությունը որպես կանոն հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում հիմնախնդրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների նկատմամբ՝ ընդգծելով Հելսինկիի եզրափակիչ ակտում սահմանված և ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում որպես հիմք ընդունված 3 սկզբունքների հավասարապես կարևոր լինելը:

Նշված երեք սկզբունքները՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ընկած են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընդունված «Հիմնարար սկզբունքների» հիմքում: ԵՄ-ն վերոնշյալ փաստաթղթերի մի մասում իր հստակ աջակցությունն է հայտնել նաև հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ կարգավորելուն ուղղված ջանքերին:

Այժմ փորձենք ըստ առանձին փաստաթղթերի վերլուծել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տվյալ պայմանագրերում ԵՄ արտահայտած դիրքորոշումը:

1999 թ. ուժի մեջ մտած և երկու կողմերի հետ ստորագրված համաձայնագրերում ԼՂ հիմնախնդրին ուղղակիորեն վերաբերող հատված չկա: Փաստաթղթերում Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը (սուվերենությանը) և անկախությանը:

2017 թ. ՀՀ հետ ստորագրած «Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին» համաձայնագրում արդեն ուղիղ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրին, որտեղ մասնավորապես նշվում է. «Ընդունելով ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը...»: Ինչպես տեսանք, նշված տեքստում ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում ընդունված ձևաչափին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ բանակցություններ, և 3 հիմնական սկզբունքներին:

Ադրբեջանի հետ նույնատիպ համաձայնագիրը (հարկ է նշել, որ ՀՀ հետ համաձայնագրում նշվում է «Ընդլայնված և համապարփակ», իսկ Ադրբեջանի հետ՝ միայն «Համապարփակ») դեռևս բանակցությունների և քննարկումների փուլում է: 2018 թ. հուլիսի 4-ին բանակցությունների վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի ընդունած առաջարկության փաստաթղթում 2 կետ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Նշված կետերում ընդգծվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ 2009 թ. «Հիմնարար սկզբունքներին» համապատասխան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Այս տեսանկյունից փոքր-ինչ տարբերվում է «Համագործակցության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այստեղ ԼՂ հիմնախնդրին անդրադարձ չկա: Ադրբեջանի հետ ստորագրված տարբերակում, սակայն, նշվում է, որ ԵՄ-ն հարգում և սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջազգային սահմանների անձեռնմխելիությանը:

Ինչպես արդեն նշել ենք, «Համագործակցության առաջնահերթությունների մասին» փաստաթուղթը սահմանում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ և առանձին երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Նշված քաղաքականության շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության հիմնական հարթակը «Արևելյան գործընկերությունն» է: 2017 թ. նոյեմբերի 24-ին ԱլԳ գագաթնաժողովում ստորագրված համատեղ հռչակագրում մասնավորապես նշվում է.

«Եվրոպական միությունը՝ իր հանձնառությանը հավատարիմ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով և 1990 թ. ԵԱՀԿ Փարիզի  կանոնադրությամբ ամրագրված նպատակներին են սկզբունքներին լիարժեք հանձնառությունը, հարգանքն ու հավատարմությունը սկզբունքային են խաղաղ և միասնական Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար»:

Ինչպես տեսանք, բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը աջակցելուն զուգահեռ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին իր հավատարմությունը, ինչը, ինչպես արդեն քանիցս նշել ենք, ենթադրում է նաև ԵՄ հավատարմությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին:

Այսպիսով, կարևոր է ընդգծել, որ չնայած Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրած համաձայնագրերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին դրույթները պարբերաբար փորձում է ներկայացնել իբրև ԵՄ կողմից ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը տրվող գերակայություն և այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման «իրավացիության ընդունում», այնուհանդերձ տարբեր փաստաթղթերի համեմատական վերլուծությունը փաստում է, որ առնվազն այս մակարդակում ԵՄ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արտահայտում է հավասարակշռված մոտեցում՝ իր աջակցությունը հայտնելով բանակցային գործընթացի հիմքում դրված բոլոր սկզբունքներին:

Տարոն Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]