ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնահարցին անդրադարձ չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բացառված է լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղեկացված չլինի: Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ խոսել են Հայաստանի մասին:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին ՀՀ վարչապետ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ: Նա նշել էր, որ քննարկվել են
տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։