Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար

Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթ կհայտարարի թափառող կենդանիների 
վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ: 

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով մայրաքաղաքում գույքագրում է տեղի ունենում: Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը:

Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ Հայկ Մարությանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով քաղաքապետը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները: Բացի այդ, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս հանձնարարվել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, «Երքաղլույս» ընկերությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է սահմանել հսկողություն և հերթապահություն տոնական օրերին մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ՝ վթարների դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով:

Հանձնարարվել է նաև հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am