Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

#CultTalk. Խաչատրյանական երաժշտության տոն, նոն ստոպ և ջազ. Սերգեյ Սմբատյանը՝ Խաչատրյանի փառատոնի մասին

#CultTalk. Խաչատրյանական երաժշտության տոն, նոն ստոպ և ջազ. Սերգեյ 
Սմբատյանը՝ Խաչատրյանի փառատոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանական երաժշտության տոն՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ. մեկնարկում է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստում է՝ այն արդեն իսկ իր ուրույն տեղն ունի հայաստանյան մշակութային կյանքում ու դարձել է սիրված և սպասված իրադարձություն: Փառատոնի մեկնարկը կտրվի «Խաչատրյանը և ջազը» նախագծով, բայց սրանով անակնկալները չեն ավարտվում: Այս տարի փառատոնի շրջանակում ունկնդրին սպասվում է բոլորովին նոր, թարմ ձևաչափ՝ «Խաչատրյան նոն ստոպը»: Այս և սիմֆոնիկ նվագախմբի այլ ծրագրերի, ինչպես նաև մշակութային դաշտի խնդիրների մասին «Արմենպրես» -ի #CultTalk նախագծում զրուցել ենք Սերգեյ Սմբատյանի հետ:

Սիրված նախագծեր, փառահեղ երաժիշտներ

Խաչատրյանի փառատոնը Հայաստանում արդեն շատ սիրված ու սպասված իրադարձություն է: Այս տարի նշվում է Արամ Խաչատրյանի 115-ամյակը, փառատոնին կներկայացվեն կոմպոզիտորի ամենահայտնի և ոչ այդքան ճանաչված ստեղծագործությունները: Փառատոնի շրջանակում կներկայացվեն սիրված նախագծեր, օրինակ՝ «Խաչատրյանը և ջազը» նախագիծը, որով էլ հենց հոկտեմբերի 18-ին կմեկնարկի այս տարվա փառատոնը: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան փառահեղ երաժիշտներ: Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում: Ելույթ կունենան նաև այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը:

Օրինակ, Բորիս Բերեզովսկին, ով աշխարհահռչակ դաշնակահար է, նույնպես հանդես կգա այս փառատոնին: Փառատոնի համար սա մեծագույն ձեռքբերում է, նա հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը շատ սիրում է:

Բացի սիմֆոնիկ երեկոներից, փառատոնը կներկայացնի նաև կամերային համերգներ: Շատ ուրախ եմ, որ արտասահմանից հյուրեր են գալու Հայաստան, որպեսզի ներկա գտնվեն համերգներին: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 10-ին կներկայացնենք «Խաչատրյան նոն ստոպ» ծրագիրը, որը նոր ֆորմատ է մեզ համար: Կներկայացվի Խաչատրյանի երաժշտությունը, որը հնչել է հայտնի ֆիլմերում: Արամ Իլյիչը ստեղծագործել է նաև արվեստի այս ոլորտում:

Ներկայացնելու ենք նաև այն ստեղծագործությունները, որոնք շատ չեն հնչել: Օրինակ, կատարելու ենք Խաչատրյանի Առաջին սիմֆոնիան: Մեր կոլեկտիվը շատ հաճախ է կատարում նրա գործերից, բայց այս սիմֆոնիան չենք ներկայացրել:

Փառատոնի փակմանը մեզ հետ հանդես կգա փայլուն ջութակահար Դանիել Ռոնը, ով կկատարի Խաչատրյանի ջութակի կոնցերտը: 1,5-2 տարի սպասում էինք նրա համերգին:

Փառատոնը մեր մշակութային կյանքի անբաժանելի մասնիկն է: Հայաստանում չէր կարող չլինել Խաչատրյանի անունը կրող փառատոն:

Նոր համերգաշրջան, նոր ծրագրեր

Այս համերգաշրջանում Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի բազում համերգներ, հանդես կգան հետաքրքիր մենակատարներ: Մինչև հուլիս համերգաշրջանը պլանավորված է: Ունենք ավելի քան 25 համերգ, կան նաև դեռ վերջնական չհաստատված համերգներ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում:

Նվագախումբն ունի հետաքրքիր երկացանկ, և մենք արտերկրից հրավերներ ստանալիս մշտապես փորձում ենք ներկայացնել հայ սիմֆոնիկ երաժշտությունը: Այս համերգաշրջանում կրկին կկազմակերպենք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն արդեն 10 տարեկան է: Մեծագույն ձեռքբերում է նվագախմբի համար, ներկայացնել փառատոն, որն ամեն տարի նվիրված է որևէ հայ կոմպոզիտորի:

Նշեմ նաև, որ 2019-ին Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով հանդես կգանք: Իսկ այս տարվա դեկտեմբերի 15-ին հանդես կգանք համերգով, որը լայնամասշտաբ լսարան կընդգրկի, դեռ պատրաստ չեմ դրա մասին շատ փակագծեր բացել, բայց վստահ եմ, որ հանդիսատեսի համար շատ հետաքրքիր կլինի:

Նախագիծը ներկայացնելու է այն երաժշտությունը, որ բոլորը սիրում են, մասսայական երաժշտություն է հնչելու: Նախագծեր կան, որ չեն կարող չլինել: Սա այդ նախագծերից է:

Կարևորելով ոչ թե արվեստը, այլ ձևաչափը

Մենք ունենք մասսայական ունկնդրի խնդիր, և կարծում եմ, որ ինչ-որ նոր, թարմ նախագծերի շնորհիվ կարող ենք մեծացնել ունկնդրի զանգվածը, և դա կլինի մեր մեծագույն ձեռքբերումը:

Մեր հանդիսատեսն ավելի շատ կարևորում է ֆորմատը, նորարական սկզբունքը, քան բարձր արվեստը: Երբ մենք կատարում ենք Շոստակովիչի, Մալերի գործերից, ես հանդիսատեսի չեմ տեսնում ուժեղ ոգևորություն: Հաջողություն կլինի, եթե մենք կատարենք դասական կոմպոզիտորների գործեր և դահլիճը լեփ-լեցուն լինի, մարդիկ ցանկանան լսել Բեթհովեն, Մոցարտ, Բրամս... Մենք կարող ենք հասնել նաև այս կետին:  

Անհատական ծրագրեր

Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հաջորդ տարի ունեմ ավելի քան 42 համերգ արտերկրում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում: Համերգները շատ են, փորձում եմ պլանավորել Սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանը և դրանից հետո արդեն իմ արտերկրի համերգները:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]