Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

«Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Խաղաղության վազք»-ով Մարսելից մինչև Երևան: Լեռնագնաց Արա Խաչադուրյանը անցնելով 4550 կմ Ֆրանսիայի Մարսել քաղաքից 107 օրում հասել է Երեւան՝  Հանրապետության հրապարակ: Արայի խոսքով` նախաձեռնության նպատակն աշխարհին խաղաղության կոչ անելն է:

«Ուզում էի խաղաղության համար վազել, որովհետև ձանձրացել էի աշխարհի 4 կողմերից պատերազմների մասին լսելուց: Ֆրանսիան ինձ 1983-ին որդեգրեց, երբ Լիբանանը թողեցի: Հայաստանն էլ իմ հայրենիքն է, ուզեցի այս երկու երկրներն իրար միացնել իմ վազքով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Արա Խաչադուրյանը:

Վազքով Ֆրանիսիայից Հայաստան հասնելու որշումն Արան կայացրել էր դեռ երկու տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով գաղափարը հետաձգվեց: Հիմա դրա համար չի փոշմանում:

«2018թ.-ը շատ խորհրդանշական եղավ, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100 և Երևանի 2800-ամյակների հետ համընկավ: Եկա, նաև խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար իմ շնորհավորական խոսքը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Արան:

«Խաղաղության վազք»-ն իրականացվել է ՀԲԸՄ ջանքերով: Մարսելից մեկնարկելով Խաչադուրյանն անցել է Եվրոպա աշխարհամասով, հասել Թուրքիա, եղել Արևմտյան Հայաստանում, որտեղ նախատեսում էր նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները խոչընդոտել են նախաձեռնությունն իրականացնելուն:

«Ամենաերկար ժամանակահատվածն անցկացրել եմ Թուրքիայում, 2000 կմ և 45 օր տևեց այնտեղ վազելս: Ընտրությունների ընթացքում էի Թուրքիայում և չգիտեի` Էրդողանը կընտրվի, թե ոչ, բայց հաջորդ անգամ պետք է անպայման փոխանցեմ նամակը իրեն: Նամակում գրել էի, որ պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը, և հենց այդ նամակն էր, որ ինձ մինչև Հայաստան վազելու միտք էր տվել»,- ասաց Արան:

Մինչև Արայի մեկնարկը, Մարսելում նրան հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ու խոստացել Հայաստանում միանալ իրեն:

«Խոստացա, որ վերջին 6 կմ-ը պետք է իր հետ վազեմ ու խոսքիս տերը եղա: Պետք է հույս ունենանք, որ հաջորդ անգամ կկարողանանք բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանները,  և այնտեղով վազենք ու գանք Հայաստան: Ֆրանսիան իր հասանելիքն արդեն արել է, հիմա պետք է երկու պետությունները կարողանան համաձայնության գալ»,- նշեց դեսպանը:

Արան վազքի ընթացքում մեծ ուշադրության և ընդունելության է արժանացել նաև հայկական Սփյուռքի կողմից: Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով` իրենք ամբողջ ընթացքում հետևել են Խաչադուրյանի հետագծին ու խորհրդանշական է, որ այն համընկել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:

«Խորհրդանշական է հեղափոխության գործընթացի հետ զուգընթաց իր վազքը, և նույնիսկ հումորով կարելի է ասել, որ հեղափոխական իր քայլերթը Արան սկսել էր մեզնից ավելի շուտ»,- նշեց Գրիգորյանը:

Արան պատրաստվում է 15 օր մնալ Հայաստանում, այցելել նաև Արցախ և երիտասարդներին իր օրինակով ցույց տալ, որ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել նպատակների իրականացմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ