Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին

Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. 
Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն «Արմենպրես»-ին փոխանցեց Բաբլոյանի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։

Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։ Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ: ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ