Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Նախագահ Սարգսյանը վիրավոր զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտություն է տեսնում

Նախագահ Սարգսյանը վիրավոր զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 29-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր՝ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը կարևորեց կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը: «Մենք պետականորեն պետք է կազմակերպենք, որպեսզի հաշմանդամները վերադառնան արժանապատիվ կյանք և ոչ թե իրենց ողջ կյանքում օգնություն ստանան: Օգնություն ակնկալելու հոգեբանությունից պետք է դուրս գալ»,-հորդորեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր առաջարկը կքննարկի նաև ՀՀ վարչապետի հետ:

«Այստեղ առողջությունը վերականգնած մարդը, որը նաև այս ընթացքում մասնագիտական որակներ է ձեռք բերել, պետք է առավելություն ստանա գործատուների կողմից: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է: Պատկերացրեք Հայաստանում աշխատող բազմաթիվ ընկերություններ երեք, չորս, հինգ հոգու աշխատանքի հրավիրեն և նորմալ աշխատավարձ տան: Այս մարդիկ իրենց աշխատանքով կապրեն, այլ ոչ թե օգնություն կստանան»,-նշեց նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տղաների խնդիրներն առողջության վերականգնմամբ չեն ավարտվում: «Նրանցից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, իրենց կյանքը վտանգի տակ դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Այս տղաների թոշակը պետք է արժանի լինի իրենց նվիրումին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ բարի աշխատանքի ծավալը պետք է մեծանա, և նման վերականգնողական կենտրոններ պետք է գործեն նաև հեռավոր շրջաններում: «Առողջապահական համակարգը պետք է բազմապատկվի և Երևանի կենտրոնից շրջաններ գնա: Վիրավոր մարդկանց Հայաստանի հյուսիսից, հարավից, Ղարաբաղից  այստեղ բերելը շատ դժվար է»,-ասաց Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am