Քաղաքականություն

Բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ է և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր չեն տալիս այն հարցի պատասխանը, թե որքան է Հայաստանի Հանրապետության ինքինշխան տարածքը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։

«Եթե որևէ մեկը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ չէ, իրենց կարծիքով, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, օրինակ՝ 300 հազար քկմ է, բայց նրանք չեն ըմբռնում կամ եթե ըմբռնում են` ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք ասեն՝ գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 23 քկմ է։

Այստեղ բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Որովհետև եթե դու պետություն ես առանց կոնկրետ տարածքի, դու չես կարողանում նույնականացնել քո տարածքը և ինչ-որ առումով ընկնում ես չպետության դաշտ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթներից մեկին, որում նա հայտարարել էր, որ «իր շարժումը չակնկալիքների մասին է, որի դիմաց կստանան հայրենիք և երկիր»։

«Մարդիկ, ովքեր գալիս են և ասում են՝ «չակնկալիքների շարժում» ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխան, չքաղաքացիություն։

Ուզում են, որ, կենտրոնի սրճարանում նստած, երազեն Կարսի մասին։ Եվ դրանով կորցնեն Երևանը։

Այստեղ է իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբերությունը։ Ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած, երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին։ Եվ դրանով կորցնեն իրական Հայաստանը և իրականը Կապանը։

Իրական Հայաստանը ապագայի մասին է։ Իրական Հայաստանը կոնկրետ է, գիտենք իրական սահմանը, որի անվտանգությունը ապահովում ենք ոչ թե առավոտից երեկո սրա-նրա ոտքերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունը ապահովեն, այլ մեր լեգիտիմ դիրքերի վրա կանգնելով»,-եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում