Քաղաքականություն

Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած  բացահայտումներին

2 րոպեի ընթերցում

Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած  բացահայտումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը առաջիկայում կոռուպցիոն շղթաների և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումների մասին: Խորհրդարանում լրագրողների նետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ երբեք չի արձագանքել ԱԱԾ տնօրենների հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է: «Եթե ԱԱԾ տնօրենը մի բան ասում է, ուրեմն գիտի՝ ինչ է ասում: Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տված անձանց մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, ու օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։

Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովը պատասխանեց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը»:

Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ «Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում