Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակայություններից է համարում

Վիգեն Սարգսյանը պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի 
տնտեսության առաջընթացի գերակայություններից է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել և Զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարար Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ընդունվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի, բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալն է: Ցուցահանդեսը հագեցած կլինի ակտիվ գիտագործնական ծրագրով` գիտաժողովներ, կլոր-սեղաններ, ինչն, ըստ նախարարի, թույլ կտա քննարկել պաշտպանության և անվտանգության արդի խնդիրները, ամրապնդել եղած կապերը զինվորականների, գիտնականների ու գործարարների միջև:

Նախարարը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին իրենց արտադրանքները ներկայացնելու են 34 հայկական, ինչպես նաև 14 երկրի ավելի քան 30 ընկերություններ: «Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել պետական պատվիրակություններ Ռուսաստանից, Հունաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Սերբիայից և Եգիպտոսից»,-նշեց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ ներկա է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը: Նա ներկաների անունից ցավակցություն հայտնեց ռուս գործընկերներին Կեմերովոյում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:

«Հույս ունենք, որ այս միջոցառումը մեր երկրների զինվորականների, գիտական ու գործարար շրջանակների միջև արդյունավետ երկխոսության հարթակ կհանդիսանա միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»,-եզրափակեց նախարար Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]