Տնտեսություն

Փոխնախարարը ներկայացնում է Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռքբերումները. 29,6 տոկոսով աճ

2 րոպեի ընթերցում

Փոխնախարարը ներկայացնում է Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռքբերումները. 29,6 տոկոսով աճ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2017 թվականին 29.6 տոկոսով աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը նշեց, որ նախորդ տարի ստեղծվել է 281 ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից:

«Խոսելով ոլորտի առավելություններից` պետք է առանձնացնեմ աշխատատեղերի ստեղծումը, ինչը մեր երկրի համար կարևոր խնդիր է: 2017 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղերի թիվը գերազանցել է 15 հազարը: Վստահ եմ, որ աշխատատեղերի թիվն ավելանալու է: Քանի որ ավելանում է միջազգային համագործակցությունը, տարբեր ընկերությունների կողմից նոր պատվերների իրականացումը: 2018 թվականի համար կոնկրետ թվեր կդժվարանամ ասել, բայց վստահ եմ, որ 2017-ի ցուցանիշը կպահպանվի, 10 տոկոս էլ ավելին կլինի»,-ասաց Ամալյա Եղոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն ոլորտն է, որտեղ թափուր աշխատատեղերն ավելի մեծ թիվ են կազմում, քան առաջարկվող մասնագետների քանակը: Յուրաքանչյուր տարի գրանցվում է 2 հազար թափուր աշխատատեղ, որոնք չեն լրացվում:

«Խոսելով աշխատատեղերից` պետք է անդրադառնանք նաև տեխնոլոգիական կրթության կարևորությանը: Պետք է ունենանք կրթություն, որտեղ ուսումնական ծրագրերը, դասախոսների աշխատանքը, ուսանողների ներգրավվածությունը հիմնված կլինեն բիզնեսի կարիքների վրա: Իրոք, խնդիրն առկա է: Նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խումբ, որ նախարարության անունից ծրագիր կազմենք և առաջարկություններ ներկայացնենք կադրերի բացը լրացնելու համար»,-ասաց նա:

Ամալյա Եղոյանը տեղեկացրեց, որ իրականացնելու են հետազոտություն, հստակեցնելու թափուր աշխատատեղերի թիվն ու ուղղությունները: Նա նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն անընդհատ զարգացող է, և 6 ամիս առաջ եղած թափուր աշխատատեղն այսօր կարող է պահանջված չլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում