Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծում արված փոփոխությունները

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծում արված 
փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված փոփոխությունները: «Առաջին փոփոխությունը չորրորդ հոդվածում է, որտեղ հանրաքվեի դրվող հարցերի շարքին ավելացվել է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որովհետև Սահմանադրությամբ նախատեսված է, որ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով: Մյուս փոփոխությունը 5-րդ հոդվածում է, որտեղ շարադրված են այն ակտերը, որոնք հանրաքվեի չեն կարող դրվել: Այստեղ ավելացվել է դրույթ, որ հանրաքվեի միջոցով օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, եթե այդ օրենքի ընդունումից չի անցել մեկ տարի, չեն կարող հանրաքվեի դրվել: Սա ևս Սահմանադրության դրույթ է, որ հանրաքվեով ընդունված օրենքները կարող են փոփոխվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը;

Մյուս փոփոխությունը կատարվել է օրենքի նախագծի 10-րդ հոդվածի առաջին մասում: Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ տվյալ դեպքում իմպլեմենտացվել է Վենետիկի հանձնաժողովի առաջարկը: «Ի՞նչ է լինում այն դեպքում, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է օրենքի նախագիծ: Եթե 50 հազար քաղաքացի օրենքի նախագիծ է ներկայացնում Ազգային ժողովի քննարկմանը, կարգն այսպես է, եթե Ազգային ժողովն այդ նախագիծը չի ընդունում, ապա քաղաքացիներին կարող է միանալ ևս 300 հազար քաղաքացի, և նախագիծը կդրվի հանրաքվեի: Սակայն կարգավորված չէր այն իրավիճակը, երբ Ազգային ժողովն անգործություն կցուցաբերի և առհասարակ չի քննարկի այդ օրենքի նախագիծը: Եվ մենք հստակ դրույթ ենք նախատեսել, որ նման դեպքերում, եթե անգործություն է տեղի ունենում, պետք է օրենքի նախագիծը համարել Ազգային ժողովի կողմից մերժված՝ հնարավորություն տալով քաղաքացիներին շարժվել առաջ և 300 հազար քաղաքացիների միանալու դեպքում նախագիծը հասցնել հանրաքվեի»,- ներկայացրեց փոխնախարարը:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկով փոփոխություն է կատարվել նաև օրենքի նախագծի 12-րդ հոդվածում: «Մենք ունենք կարգավորում, որ որոշակի հանգամանքների առաջացման դեպքում դիմում են հանրապետության Նախագահին, Նախագահը նշանակում է հանրաքվե, սակայն խոսք չկար այն մասին, թե ինչ է լինելու այն դեպքում, երբ անգործություն ցուցաբերի հանրապետության Նախագահը, կոնկրետ հիմքերի առաջացման դեպքում չցանկանա հանրաքվե նշանակել: Մենք գրել ենք, որ նման դեպքում համապատասխան ժամկետն անցնելուց հետո հարցը համարվում է հանրաքվեի դրված: Մենք ավելացրել ենք այս դրույթը, որպեսզի չխոչընդոտենք քաղաքացիների՝ հանրաքվե անցկացնելու իրավունքը, եթե, օրինակ, հանրապետության նախագահն անգործություն է ցուցաբերել»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծից հանվել է դրույթն այն մասին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանափակել հանրաքվեի համար ստորագրությունների հավաքագրման կարգը և սահմանել, որ ստորագրությունները պետք է հավաքվեն միայն էլեկտրոնային տարբերակով: Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս փոփոխությունը կատարել են՝ հաշվի առնելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի առաջարկը: Այսինքն, սահմանվում է, որ քաղաքացիները հանրաքվե անցկացնելու համար ստորագրությունները կարող են հավաքել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, իսկ ԿԸՀ-ն որևէ սահմանափակում մտցնելու լիազորություն չի ունենա:

Փոփոխություններ են կատարվել հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանող հոդվածում: Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տեղամասային հանձնաժողովները կձևավորվեն հետևյալ կերպ՝ երեք անդամ տրամադրում է տարածքային ընտրական հանձնաժողովը, 2-ական անդամ՝ «այո»-ի և «ոչ»-ի քարոզչության կողմերը: «Այսինքն՝ քարոզչության կողմերին հնարավորություն ենք ընձեռում տեղամասային հանձնաժողովում ունենալ 2-ական ներկայացուցիչ»,- ասաց փոխնախարարը:

Փոփոխություններ են իրականացվել նաև հոդվածում, որը սահմանում է, թե հանրաքվեի ընթացքում ո՞ր կազմակերպությունները կկարողանան դիտորդական առաքելություն իրականացնել: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշեց, որ այստեղ հասարակական կազմակերպությունների համար կա սահմանափակում՝դիտորդական առաքելություն կարող են իրականացնել այն ՀԿ-ները, որոնք առնվազն մեկ տարի զբաղվել են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կրճատել են այդ մեկ տարի ժամկետը՝ սահմանելով 6 ամիս, որպեսզի ավելի շատ հասարակական կազմակերպություններ հնարավորություն ունենան դիտորդական առաքելություն իրականացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]