Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի 8 արտադրող առաջին անգամ մասնակցում է Ասիայի խոշորագույն «Foodex Japan» ցուցահանդեսին

Հայաստանի 8 արտադրող առաջին անգամ մասնակցում է Ասիայի խոշորագույն «Foodex 
Japan» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաքում բացված «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված է Հայաստանի 8 արտադրող. մեր երկիրն առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին, որը խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայի տարածաշրջանում: Այն անցկացվում է Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում և տևելու է մինչև մարտի 9-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամից (ՓՄՁ ԶԱԿ)՝ հիմնադրամից՝ հավելելով. «Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարեցին կազմակերպիչ կառույցների, Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ծագող արևի երկրում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, այդ թվում՝ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հայկական ընկերությունների մասնակցությունը «Ֆուդեքս» ցուցահանդեսին հնարավոր է դարձել Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Ճապոնիայում ՀՀ դեսպանատան և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աջակցության շնորհիվ:

Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, գինիների, մեղրի և կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը նշեց, որ նման միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությունը ևս մեկ անգամ ընգծում է հայ-ճապոնական համագործակցության լայն շրջանակը: «Անցած մի քանի տարվա ընթացքում «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ ապրանքները, հատկապես օրգանական և բարձրորակ սննդամթերքը, աստիճանաբար իր սպառողին է գտնում Ճապոնիայի շուկայում»,- ասաց դեսպանը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ասաց, որ այս միջոցառումը Ճապոնիայի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու ևս մեկ հիանալի առիթ է, և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ուրախ է լինել այդ նախաձեռնության կազմակերպիչներից մեկը:  «Մեր կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայաստանյան արտադրողների և գործարարների առաջ մղումն է միջազգային շուկաներում: Այդ առումով մենք այստեղ ներկայացրել ենք այն արտադրատեսակները, որոնց հանդեպ Ճապոնիայի սպառողները կունենան հետաքրքրություն»,- ասաց Լևոն Մնացականյանը:  

Ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Տոկիոյի ռեստորաններից մեկի սեփականատեր Ուչիա Կոջին ասաց, որ իր հաճախորդներին խորհուրդ կտա օգտագործել հայկական գինիները հատկապես ֆրանսիական սննդի հետ: «Այս գինիները շատ հագեցած համ և բույր ունեն, զգացվում է մրգի ուժը»,- շեշտեց ճապոնացի մասնագետը: Մեկ այլ ճապոնացի ռեստորանատեր Կեյսուկե Նագանոն ասաց, որ հայկական գինին համադրելի կլինի հատկապես ձկան և մսի հետ: «Այստեղ ներկայացված գինիներից հատկապես 2013թ. գինին հիանալի կլինի ճաշակել սուշիի հետ: Ես հաստատ խորհուրդ կտամ իմ հաճախորդներին ճաշակել հայկական գինին: Համոզված եմ, որ այն հաճելի կլինի ճապոնացիների քիմքին»,- ասաց Նագանոն:  

Իսկ ճապոնացի ներկրող Օրիտա  Կոզոն հատուկ էր այցելել Հայաստանի տաղավար: Նա «Նոր ապրանքներ Ճապոնիայի շուկայում» ցուցափեղկում տեսել էր  չիչխանի կոմպոտը: «Ես փնտրում էի չիչխանով պատրաստված որևէ ապրանք և տեսա այս կոմպոտը, ուստի եկա, որպեսզի հասկանամ, թե ինչ է այն: Որպես ներկրող՝ ես կարծում եմ, որ Ճապոնիայի շուկայում կա չիչխանով պատրաստված սննդամթերքի և այլ ապրանքի պահանջարկ: Ճապոնացիները նոր են սկսել հետաքրքրվել այս առողջարար և օգտակար սննդամթերքով: Ես կարծում եմ, որ ձեր ներկայացրած ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ կունենա Ճապոնիայի վաճառակետերում»,- նշեց Կոզոն:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը  ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը»:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]