Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է. Էդուարդ Շարմազանով


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են կրոնական համերաշխությունը, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այս համատեքստում ազգային փոքրամասնություններին հստակ քվոտա է տրված մեր երկրի խորհրդարանում: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայ ժողովուրդը հասկանում է ազգային փոքրամասնությունների դերը եւ կարեւորում նրանց իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հայության մի ստվար հատված ապաստան գտավ աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Մենք կհաջողենք, եթե միավորվենք հանուն կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ ցեղասպանությունների ու ժխտողականության: Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Նա անդրադարձել է նաեւ մի շարք երկրներում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումների անցկացմանը, որը նախաձեռնել է Հայաստանի խորհրդարանը: Նա այս հարցում կարեւորել է եվրոպական տարբեր երկրներում ալեւիների միության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:

Ֆրանսիայի ալեւիների միության նախագահ, եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության փոխնախագահ Էլդար Քլչքայան կարեւորել է Թուրքիայի կողմից անցյալի մեղքերը գիտակցելը՝ նշելով, որ 21-րդ դարը երկխոսելու ժամանակաշրջան է: Նա ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեությունն ու առաջիկա անելիքները: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ