Սեուլը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ Է կասեցնել փորձարկումներն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգում հայտնել Է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը:
Նա նաեւ հայտնել Է, որ Փենյանը հարավկորեական պատվիրակության այցի ընթացքում հավաստել Է Կորեական թերակղզու միջուկազերծման հանձնառությունը: «Հյուսիսկորեական կողմը պարզորոշ նշեց Կորեական թերակղզու միջուկազերծման իր հանձնառությունը՝ եւ հայտարարեց, որ ինքը միջուկային զենքի տիրելու հիմքեր չի ունենա, եթե երաշխավորվի ռեժիմի անվտանգությունը եւ վերացվեն ռազմական սպառնալիքները ԿԺԴՀ-ի համար»,- նշել Է նա:
Չոն Ըհ Յոնը հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը հանդիպում կանցկացնեն այս տարվա ապրիլի վերջին: «Թվով երրորդ միջկորեական գագաթնաժողովը կկայանա համատեղ անվտանգության գոտում՝ կորեական երկու պետությունների սահմանի Փհանմունջոմ վայրում»,-ասել Է նա: Բացի այդ, Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են կապուղի հաստատել երկու ղեկավարների միջեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու եւ ռազմական լարվածությունը թուլացնելու նպատակով:
«Կողմերը նաեւ պայմանավորվել են առաջին անգամ հեռախոսազրույց անցկացնել գագաթնաժողովից առաջ»,-նշել Է նա: Մարտի 5-ին երկօրյա այցով Փհենյան Է ժամանել հարավկորեական պատվիրակությունը՝ նպատակ ունենալով ապահովել երկու պետությունների մերձեցումը եւ նպաստել ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությանը: Պատվիրակության կազմում, մասնավորապես, ընդգրկվել են Չոն Ըհ Յոնը եւ Հետախուզության ազգային ծառայության տնօրեն Սո Հունը:
ԿԺԴՀ ժամանելուց հետո նրանք Կիմ Չեն Ընի հետ չորսժամյա հանդիպում են անցկացրել Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնակայանում: Մարտի 6-ին պատվիրակությունն ավարտել Է այցը եւ վերադարձել Հարավային Կորեա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: