Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Փհենչհանում մեկնարկեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկեցին ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությունը հիացրեց բազմապիսի լուսային էֆեկտներով: Ներկաներին և մարզիկներին դիմեցին և հաջողություն մաղթեցին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը և Փհենչհան-2018-ի կազմկոմիտեի նախագահ Լի Հի-Բեոմը: 

«Այն պահն է, որին շատ ենք սպասել: Շնորհակալություն կազմակերպիչներին և հատկապես կամավորներին: Մարզիկներ, սա ձեր կյանքի մրցաշարն է լինելու: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աշխարհը նայելու է ձեզ և ոգեշնչվելու է ձեզնով»,-ասաց Բախը:

101 օրյա շրջագայությունից հետո օլիմպիական կրակը ժամանեց Խաղերի գլխավոր մարզադաշտ, իսկ կրակը վառելու պատվին արժանացավ կորեացի գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կիմ Յոն Անը:              

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:  

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: 

 




Այս թեմայով

... վերջին լուր "Փհենչհան-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ