Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վախթանգ Միրումյանը Հայաստանում 2018թ. հունվարից էական թանկացումներ չի կանխատեսում

Վախթանգ Միրումյանը Հայաստանում 2018թ. հունվարից էական թանկացումներ չի 
կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշում է, որ 2018թ. հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ չափի թանկացումներ են սպասվում Հայաստանում հաջորդ տարվա հունվարից՝ պայմանավորված ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի ուժի մեջ մտնելով,  Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, առհասարակ դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվում է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Ըստ Միրումյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, այսինքն՝ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա: «Երկրորդ, մենք ունենք ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար, կստացվի, որ որևէ ազդեցություն մաքսատուրքերի և գների վրա չի կարող լինել: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված է Հայաստանին, նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է: 2015թ. թվականին մենք արդեն գիտեինք, որ 2018թ.-ից տեղական արտադրողն ավելի լայն հնարավորություններ է ունենալու, սա նաև հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար»,- հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

Վախթանգ Միրումյանի խոսքով՝ թվարկված բոլոր բաղադրիչների հանրագումարը Հայաստանի կառավարությանը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել:

Անդրադառնալով արդեն իսկ արձանագրված թանկացումներին՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am