Միջազգային

Մյանման մերժեց Էթնիկական զտումների մեղադրանքները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրեց երկիր

2 րոպեի ընթերցում

Մյանման մերժեց Էթնիկական զտումների մեղադրանքները եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրեց երկիր
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում Էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են: Սեպտեմբերի 28-ին այս մասին հայտարարել Է երկրի ազգային անվտանգության հարցերի պետական խորհրդական Թաունգ Թուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա հանդիպման մասնակիցներին հավաստիացրել Է, որ Մյանմայի իշխանությունները հավատարիմ են մարդու իրավունքների հարգմանը, եւ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հրավիրել Է այցելելու երկիր, որպեսզի նա անձամբ համոզվի դրանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետական խորհրդականը հայտնել Է, որ հաջորդ շաբաթ դիվանագետների եւ լրագրողների համար կկազմակերպվի ուղեւորություն Ռաքհայնի նահանգի հյուսիս: «Նրանք հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալու իրադրությանը: Ես նաեւ ուրախ եմ հայտնելու, որ Մյանմայի կառավարությունը գլխավոր քարտուղարին եւ նրա տեղակալին հրավեր Է հանձնել այցելելու Մյանմա»,- նշել Է նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ին 2009 թվականից ի վեր առաջին անգամ անցկացրել Է Մյանմայի իրադրությանը նվիրված դռնբաց նիստ: Զեկուցումով ելույթ ունենալով հանդիպմանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ Ռաքհայնի նահանգում իրադրությունը վերաճել Է «հումանիտար մղձավանջի» եւ շտապ գործողություններ Է պահանջում միջազգային հանրակցության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում