Մշակույթ

Երաժշտության միջազգային տոնին Երևանում հայկական ժողովրդական և ֆրանսիական ստեղծագործություններ կհնչեն

3 րոպեի ընթերցում

Երաժշտության միջազգային տոնին Երևանում հայկական ժողովրդական և ֆրանսիական ստեղծագործություններ կհնչեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա Չագրեանը, «Գողթ», «The Bird» (Թռչունը), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբերի երաժիշտներից կազմված նոր խումբը հունիսի 21-ին սիրահարների այգում հանդես կգա գեղեցիկ ու յուրահատուկ համերգային ծրագրով, որը նվիրված է երաժշտության միջազգային օրվան: Համերգին կհնչեն հայկական ժողովրդական «Թամզարա», «Խիո», «Բալենի» և ֆրանսիական ստեղծագործություններ նորովի մեկնաբանությամբ:

«Շատ ենք սիրում ու գնահատում Շառլ Ազնավուրին և Էդիթ Պիաֆին, բայց քանի որ նրանց գործերը հայտնի են բոլորին, այս համերգին հնչեցնելու ենք հանրության լայն շրջանակին անծանոթ ֆրանսիական երգեր, որոնք կհամեմվեն հայկական ժողովրդական գործիքների մեղեդիներով: Փորձել ենք համադրել ջազ, ժողովրդական, ֆյուժն ոճերը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհի, ակորդեոնահար Սևանա Չագրեանը:

Նա ասաց, որ արդեն երկու տարի է Փարիզից եկել է Երևան, ապրում է հայրենիքում, զբաղվում երաժշտական գործունեությամբ: «Երկու հայրենադարձ ընկերներիս հետ երաժշտական կենտրոն եք բացել և մեծահասակներին ու փոքրիկներին ալտերնատիվ երաժշտական կրթություն ենք դասավանդում»,-ընդգծեց երգչուհին ու հավելեց, որ Փարիզում երգում և նվագում է «Մեծ բազար» խմբում, որը տարբեր ազգերի երաժշտություն է ներկայացնում, տարբեր լեզուներով:

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և որ նման միջոցառում կազմակերպելու հնարավորությունն ինձ է ընձեռվել»,-եզրափակեց նա:

«Գողթ» խմբի երաժիշտ Հայկ Կարապետյանի խոսքով` նման համերգները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս որակյալ ու բազմաշերտ երաժշտություն ներկայացնել երաժշտասերների հոծ բազմությանը:

«Նվագում եմ ազգային փողային գործիքներ և պետք է շեշտեմ, որ հայկական մշակույթը, երաժշտութունը շատ ընդգրկուն է, բազմատար, ու հնարավորություն է տալիս հեշտությամբ անդրադառնալ այլ երկրների երաժշտական ստեղծագործություններին ու ներկյացնել դրանք ինքնատիպ մշակմամբ: Հուսամ` համերգը դուր կգա երաժշտասերներին»,-նշեց Հայկը:

«Հաճելի է, որ այս նախագծի մասն եմ կազմում ու սիրով եմ մասնակցում երաժշտության միջազգային տոնին: Ընտրել ենք այնպիսի երգեր, որոնք ընկալելի ու հասանելի են, և թառը, դուդուկը, բլուլը չեն խեղաթյուրում այդ գործերը, այլ նպաստում են, դրանց ավելի հարուստ ու գեղեցիկ հնչողությանը»,-ընդգծեց թառահար Միքայել Ոսկանյանը:

Համերգն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ:

«Երաժշտության տոն»-ը ողջ Ֆրանսիայում և աշխարհի հարյուրավոր երկրներում նշվում է 1983 թվականի հունիսի 21-ից: Պաշտոնապես սահմանված այս տոնի նախաձեռնողը Ֆրանսիայի այն ժամանակվա մշակույթի նախարար Ժակ Լանգն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում