Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ «Ազնավուրիանա» խորագրով ալբոմը նվիրված է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Ալբոմը ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։

Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Գաղափարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: Նա այն ներկայացրել է թավջութակահարուհուն, Կամիլ Թոման էլ սիրով համաձայնել է մասնակից լինել գաղափարի իրականացմանը։  

Ալբոմում տեղ են գտել Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ ներառված է 15 կատարում։ Ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում և Փարիզում։ 

«Ազնավուրիանա»-ն թողարկվել է «Հայաստան» համահայկական հիﬓադրամի և Ակբա բանկի աջակցությամբ։ Առաջիկայում ծրագրվում է նաև ունենալ համերգային տեսագրություն, որտեղ Շառլ Ազնավուրի մի քանի նոր, ինչպես նաև՝ ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները կներկայացվեն համերգային տարբերակով։ Ծրագիրը կնկարահանվի բարձրակարգ նորարարական սարքավորումներով և կներկայացվի «Դոյչե Գրամոֆոնի» տեսահարթակում։

Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում