ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան համախմբել է 26 ֆեդերացիաների և ասոցիացիաների: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: «Ազգային ֆեդերացիային անդամակցում են 26 ֆեդերացիաներ, որոնք իրենց մեծությամբ չեն զիջում մյուս կազմակերպություններին: Վեց ոճային ֆեդերացիաներ կան ընդգրկված: Ֆեդերացիաները պետք է փորձ կատարեն նոր օրենքները յուրացնել, եթե ուզում են Օլիմպիական խաղերի մասնակցել»,-ասաց Միքայելյանը:
Վերջինիս խոսքով` 26 կազմակերպությունները համագործակցում են քանի որ համաշխարհային ֆեդերացիայի նոր կանոնները համապատասխանում են նրանց կանոններին:
«Մոտ մեկ տարի է, ինչ շփումներն ակտիվացել են, և կարող եմ ասել, որ սաների և մարզիչների մոտ բազմազանություն է նկատվում: Կարատեն ավելի ամբողջական տեսք է ստանում»,-ասաց Կյոկուշինկա կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը:
Ֆեդերացիան համագործակցում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: