Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի իր հստակ դիրքորոշումը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Սա մեր սկզբունքային դիրքորոշումներից մեկն է»,- նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հայոց ցեղասպանության դատապարտում 

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Դևիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ-ին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից` նպատակ ունենալով կանխել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս կոտորածները։

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը: Սենատի 29-րդ բանաձևը համահեղինակել են Կալիֆորնիայի պետական սենատի բոլոր անդամները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն ԱՄԷ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը: ՀՀ Նախագահը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ»  ներդրումային համաժողովին: ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով: Աբու Դաբիում ընթացող ներդրումային համաժողովի ընթացքում 100 միլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև։ «Ocean Holding»-ը նպատակ ունի այս տարվանից սկսած Հայաստանում ներդնելու 100 միլիոն ԱՄՆ դոլար, կառուցելու ֆոտովոլտային կայաններ և գործարկելու դրանք ՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի «Ocean Holding»-ի գործունեությունը Հայաստանում: Ներդրումները կիրականացվեն մի քանի փուլով։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել մոտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր պաշտոնական այցը և գոհունակությամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական հարաբերությունները։

Հայաստան և աշխարհ

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման առնչությամբ տարածել են համատեղ հաղորդագրություն:

Հայաստանը աշխարհի 188 երկրների շարքում 84-րդ տեղն Է զբաղեցրել Մարդկային զարգացման ինդեքսում, որը 2016 թվականի արդյունքներով կազմվել Է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցի հիման վրա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Նախագահ Սաուլի Վեյնեյմյո Նիինիստյոյին Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը։Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրել են կառուցվող ՋԷԿ-ի հիմքում: 

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին:

Ահաբեկչությունը չարիք է, որը կարող է ցանկացած պահի ի հայտ գալ, դրա համար անհրաժեշտ է միշտ զգոն լինել և դրա դեմ քայլեր ձեռնարկել: Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել Է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նախագահ Սարգսյանը պատասխանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների դերի մասին հարցին: «Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանի զինված ուժերին այդ մեծ ու կարեւոր խնդրի կատարման գործում: ՌԴ-ն շատ մեծ ավանդ Է ներդնում այդ պայքարում, եւ մենք պետք Է կրենք թե՛ այդ պատասխանատվության, թե՛ այդ ջանքերի ինչ-որ մասը»,-ասել Է նա:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները: «Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը մեծ ու երկարատև համագործակցության սկզիբն է: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լավ հարթակ է կառավարության և մասնավոր ներդրողների համագործակցության համար»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Հայակական կողմի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվայնացման հարցերով  ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցության նիստ: Խորհրդակցության շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող արդիական խնդիրներ:

Արցախում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի ավարտից հետո մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը: Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում Արցախի մասին հոդված է հրապարակվել՝ վերնագրված «Լեռնային Ղարաբաղ՝ հյուսիսային շփման գծում»։ Հոդվածի հեղինակն է լրատվամիջոցի հատուկ թղթակից Տարիկ Հաֆիդը (Tarik Hafid), ով վերջերս այցելել էր Արցախ՝ «Բլոգերների միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով։

ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավ

Խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցութան հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու: Այդ մասին Ալավերդիում բնակիչներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: 

ՀՀ ֆինանսների նախարարն իրագործման առումով անիրատեսական է համարում ընտրական քարոզարշավին կուսակցությունների և դաշինքների կողմից նախընտրական ծրագրերում ներկայացված սոցիալական խնդիրների լուծման քայլերը: 

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող  մի խումբ պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել  Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ կառավարության կազմում լինելով` իրենք ամեն կերպ նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների  հետ հանդիպմանն անդրադարձել է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին լուրերը: «Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Կլսենք, կիրազեկենք դիրքորոշումների մասին»,-  նշեց Մուկուչյանը:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-փետրվարին 6,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում և սպառողական գների ինդեքսում:

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում  աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ  ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին:  Զորավարժությունների  ավարտին Հանրապետության Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին և զորքի առջև հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանը եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը:  Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ Մարտական ծառայության մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, նվերներ հանձնել նրանց և զինծառայողների այն ծնողներին, որոնց ընտանիքներում երկու կամ ավելի զինծառայողներ մեծ նվիրումով իրենց պարտքն են կատարում հայոց բանակում:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց: «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»,- նշել է ՀՀ Նախագահը։ Նա անդրադարձել է հարցին, թե ինչ է անելու 2018 թվականից հետո։ «Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը: «Այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել ՀՀ ՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները: Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել է ևս երկու անձ։ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել:  Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

 «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագրի շրջանակներում Մայր բուհի ուսանողները հանդիպեցին ԵՊՀ շրջանավարտ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ, ով հանդես եկավ ուսանողական լիդերության եւ կարիերայի զարգացման կապակցվածության վերաբերյալ դասախոսությամբ: Նրա կարծիքով՝ ներկայումս արժեքներն ու դրանց վրա հիմնված առաջնորդությունն է ամենակարեւորն ու ամենահաջողվածը, երբ մարդը չի վախենում հստակորեն նշել, թե որ արժեքներն է ինքը պաշտպանում: «Համաշխարհային քաղաքական և տնտեսական վերջին պրոցեսները եւս ապացուցում են, որ ապագայի լիդերների համար արժեքներն են ամենից կարեւոր: Այսօր համաշխարհային առումով տեսնում ենք հենց արժեքներ առաջարկող լիդերների օրինակներ: Ժամանակակից աշխարհը հստակ դիրքորոշում է պահանջում քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային մարտահրավերների վերաբերյալ»,- նշեց Անանյանը:

Մարտի 20-ն Ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Հերոսը զոհվել էր ապրիլի 3-ին Թալիշում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում: Մարտի 22-ն Ապրիլյան պատերազմի հերոս, պայմանագրային զինծառայող Վրեժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա զոհվել էր ապրիլի 4-ին Թալիշում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում: Մարտի 22-ն ապրիլյան պատերազմի հերոս Ջաբրայիլում նահատակված Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է: Հանդարտ, խելացի մտածող, մեծ սիրտ ունեցող Տիգրանը. հենց այսպես նրան կհիշի ուսուցչուհին՝ Նինա Արամյանը, ով Տիգրանին դասավանդել է ավագ դասարաններում:

Սփյուռք

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցանկանում է պետության ուժով մնալ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում: Այս մասին ասել է պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` Գերմանիայում գտնվելու ժամանակահատվածում լինելու է նրա փոխանորդը: Նա Կաթողիկոսին ուղղված նամակում գրել է, որ տվյալ անցումային փուլում Գարեգին արքեպիսկոպոսի աշխատանքի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Գարեգին Բ կաթողիկոսի աջակցությունն ու օգնությունը: «Դժբախտաբար, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հակառակ մեր եկեղեցու ավանդույթների և Ձեր առաջարկության, համառություն է դրսևորում փոխանորդի պաշտոնը չլքելու հարցում, ինչը եկեղեցու և հասարակության ներսում իրարանցման պատճառ է դառնում: Ձեր միջամտությունը կօգնի, որպեսզի այս փոթորկալից պաշտոնը դադարի գործել, իսկ Պոլսո հայ համայնքի ներսում խաղաղություն հաստատվի»,- նշել է Մաշալյանն իր նամակում:

Միջազգային խճանկար

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նիստը կասեցվել է Վեստմինստերյան պալատի տարածքում հնչած կրակոցների հետևանքով: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, տուժածների թիվը հասնում Է մի քանի տասնյակի:Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ: 

Ստամբուլի 6-րդ քրեական դատարանում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում որոշում է կայացվել ձերբակալել «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, սպանության ժամանակ դատախազ եղած Զեքերիա Օզին, լրագրողներ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Հալիլ Իբրահիմ Քոջային:

Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի և համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Ձիավորի պատկերող պաստառի վրա գրված է եղել. «Էրդողան, թուրքերին վերցրու ու գնա»:

Եվրոպայի հանձնաժողովը պաշտոնապես բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ: Եվրոպայի հանձնաժողովն իր մոտ է կանչել Եվրամիությունում Թուրքիայի դեսպանին: Թուրքիայի նախագահը մարտի 22-ին կատարած ելույթում դիմելով  Եվրոպային հայտարարել էր. «Կոչ եմ անում մեզ վրա մատ թափ տվող եվրոպացիներին.  Թուրքիան այն երկիրը չէ, որի պատվի հետ կարող եք խաղալ, նախարարներին դռան մոտից վռնդել, քաղաքացիներին անհանգստացնել: Աշխարհի ցանկացած վայրում այս ամենին մոտիկից հետևում են: Եթե շարունակեք նման կերպ վարվել, վաղն աշխարհի ոչ մի կետում ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ներկայացուցիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցում: Եթե բացել եք այս վտանգավոր ճանապարհը, ամենամեծ վնասը դուք եք կրելու»: Բուլղարիայի իշխանություններն արգելել են թուրք լրագրողների մուտքը երկիր` լուսաբանելու մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Բուլղարիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացրել «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Միացյալ Նահանգները եւ  Իրաքը կշարունակեն միասին  դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ: 

Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել մի խումբ զինյալների գրոհը դիմագրավելիս: «Զինվորական ավանի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ելուզակախումբը հայտնաբերվել Է զինվորական կարգախմբի կողմից, որը մարտի մեջ Է մտել նրա դեմ: Ոչնչացվել են վեց հարձակվողներ: Մարտական բախման ընթացքում զոհվել են վեց զինվածառայողներ, կան վիրավորներ»,-ասել են Ռոսգվարդիայում:

Մշակույթ

Կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա «Fly with me» երգով: «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան Fly with me երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 3 օրվա ընթացքում հատել է կես միլիոն դիտումների շեմը:

Պետական ռուսական թանգարանում Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդես Է այցելել 300 հազար մարդ, ինչպես  պարզվել Է, ցուցադրանքն ավելի մեծ ժողովրդականություն Է վայելել, քան Վասիլի Կանդինսկու ստեղծագործությունների նախորդ խոշոր ցուցահանդեսը։

Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդղուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում,որը տեղի է ունեցել Թբիլիսիում, Հայաստանի մասնակիցները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքային խմբում նվաճել է Առաջին մրցանակ, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում ստացել է Առաջին մրցանակ, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակ, Արուսյակ Դավթյանը՝ նույնպես Երկրորդ մրցանակ:

Միացյալ Նահանգներում բնակվող դաշնակահար, ջազ երաժիշտ Ավո Ուվեզյանը, ով աշխարհում առաջատար AVO ֆիրմայի սիգարետների ստեղծողն է, մահացել է կյանքի 91-րդ տարում: 1960-ականներին սկսել է գրել երգեր: Նրա ընկերներից մեկը ասում է, որ Նյու Ջերսիից մի երգիչ ինչ-որ նոր չափորոշիչներ է փնտրում: Այդ մարդու անունն էր Ֆրանկ Սինատրա: Նա համոզում է Ավոյին նոր երգ գրել. այդ երգը դառնում է Սինատրայի հայտնի «Strangers in the Night»-ը («Գիշերվա անծանոթները»):

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամներն էլ բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Անապայում ավարտվել է Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդների հուշամրցաշարը։ Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 2 մեդալ:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մարզիկ Սիփան Ծաղկյանը 2017 թվականի մարտի 14-25-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերում դարձել է արծաթե մեդալակիր: Սիփան Ծաղկյանը հանդես է եկել դահուկավազք (500 մ) մարզաձևում:

 Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, օղակների վարժության եզրափակչում 15.133 միավորով գրավեց առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկութունում, նժույգթափերի վարժությունում։ Նա արծաթե մեդալակիր դարձավ հենացատկերի վարժությունում։

Սամբոյի  աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում Հայաստանը  ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով 57 կգ քաշային կարգի  բոլոր գոտեմարտերում, հասել է եզրափակիչ և նվաճել ոսկե մեդալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am